«Բիզնես Արմենիա»-ն նախատեսում է այս տարի ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 46.8 մլն դոլարի
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 2018 թվականին նախատեսվում է ներգրավել 46.8 միլիոն դոլարի ներդրումներ, 16.3 մլն դոլարի՝ արտահանում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:
Նրա խոսքով՝ 2017 թվականը բավականին հետաքրքիր տարի էր ՀԶՀ-ի համար, մանավորապես, ռեսուրսներն օպտիմալացվել են, իսկ հիմնադրամն ավելի արդյունավետ և նպատակաուղղված է սկսել աշխատել: Բացի այդ, հիմնադրամը կառուցվածքային բարեփոխումներ է իրականացրել՝ գործառույթների շրջանակից դուրս բերելով տուրիզմի բաղադրիչը և վերածվելով բացառապես բիզնես ուղղվածության կառույցի։ Նշվեց նաև, որ այսուհետև Հայաստանի զարգացման հիմնադրամը հանդես կգա «Բիզնես Արմենիա» անունով:
«Ունենք բավականին լավ ցուցանիշներ, 2017 թվականի ընթացքում նպաստել ենք 18 միլիոն դոլարի ներդրումների ներգրավմանը, 5.7 միլիարդ դրամ արտահանման պայմանագրերի կնքմանը: 2018թ-ը շատ ավելի լավ է լինելու»,- նշեց գործադիր տնօրենը՝ հավելելով, որ ՀԶՀ աջակցությամբ անցած տարի հայաստանյան 75 ընկերություն մասնակցել է 11 միջազգային ցուցահանդեսի, ինչի արդյունքում նոր գործարար կապեր են ստեղծվել:
Արմեն Ավակ Ավակյանը հայտնեց, որ Հիմնադրամը ստեղծել է Գործարարության աջակցության ակումբ, որի անդամ ընկերությունները 2 ամսից մինչև անժամկետ անվճար և զեղչով խորհրդատվական ծառայություններ կմատուցեն արտադրող և ներդրող գործարարներին։ Արդեն տասնյակ ընկերություններ օգտվել են բեռնափոխադրման, իրավաբանական, հաշվապահական, հարկային, բիզնես խորհրդատվական ծառայություններից, գրանցվել է օտարերկրյա կապիտալով 1 նոր ընկերություն։
«Օտարերկրյա այն ներդրողները, որոնք գալիս են Հայաստան, նրանք վեց ամիս լինում են կրիտիկական վիճակում, այսինքն՝ պետք է գրանցվեն, բանկային հաշիվներ բացեն, նրանց պետք է իրավաբանական, մաքսային և հարկային խորհրդատվություն, ուստի դրա համար բացեցինք Գործարարության աջակցության ակումբը, որը խորհրդատվական ծառայություններ կմատուցի այդ գործարարներին»,-ասաց Արմեն Ավակ Ավակյանը:
Հիմնադրամի գործադիր տնօրենը հայտնեց, որ օտարերկրյա ներդրողները հիմնականում հետաքրքրված են թեթև արդյունաբերությամբ՝ տեքստիլ, ոսկեգործություն, ծանր արդյունաբերությամբ, սննդի արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ: Ըստ նրա՝ աստիճանաբար ակտիվանում է նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, որտեղ գործարարները ցանկանում են բիզնես հիմնել:
Ինչ վերաբերում է այս տարվա ծրագրերին, Արմեն Ավակ Ավակյանը տեղեկացրեց, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ նախատեսվում է ստեղծել «Select Armenia» համապարփակ էլ-հարթակը, որը «Invest Armenia» և «Made in Armenia» բաժիններով կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու արտահանման ամբողջ ներուժը։
2018-ին «Բիզնես Արմենիայի» կողմից սպասարկվող ընկերությունների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կներդրվի նաև «Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման» CRM համակարգ, հետսպասարկման թիմին կից կգործի «թեժ գիծ», որը հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել արտահանողների և ներդրողների խնդիրներին։ Շուրջ 394 000 դոլար դրամաշնորհով էլ կներդրվի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) «eRegulations» գործիքը, որի միջոցով կդասակարգվի և կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն Հայաստանի ներդրումային գործընթացների վերաբերյալ, կբացահայտվեն դրանց կիրարկման խոչընդոտները։ Հարթակը և համակարգերը ներդնելու համար Ֆոնդհայթայթման թիմը հաջողությամբ ավարտին է հասցրել ֆինանսավորման բանակցությունները։