Դավիթ Փախչանյան. Հայկական ռազմական վերջին արտադրանքի փակ ցուցադրություն է նախատեսված
«Ռազմարդյունաբերության համալիրի կարևոր և հաջողված ուղղությունները էլեկտրոնիկայի, հետախուզության հետ կապված ուղղություններն են ռադիոլոկացիան, ինչպես նաև ռոբոտացված համակարգեր, այդ թվում ԱԹՍ-ներ, օպտիկա-էլեկտրոնիկա-լազերային տեխնիկա և այլն: Այս ուղղությունները մենք ունենք հնարավորություններ զարգացնելու և շեշտը դնում ենք այս ոլորտում հայկական արտադրության սպառազինություն ունենալու վրա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
Փոխնախարարը նաև նշեց ուղղություններ, օրինակ՝ տանկերի և ՀՕՊ համակարգերի արտադրության առումով դեռևս տեխնոլոգիական բարդություններ կան և Հայաստանում նման հնարավորություններ առայժմ չկան, բայց նշված ուղղություններով մոդեռնիզացիոն աշխատանքներ են իրականացվում:
Նախարարի տեղակալի խոսքով 14 երկրներից ներկայացված ընկերություններից մի քանիսի հետ կան համագործակցային հարաբերություններ, իսկ մի շարք այլ ընկերությունների հետ համագործակցային նոր ուղիներ են պատրաստվում գտնել:
«Համագործակցում ենք մասնավորապես ռուսական ընկերությունների հետ՝ «Ուրալվագոն զավոդ», «Ռոսօբորոնէքսպորդ», «Ալմազ անտեյ» և այլն, մի շարք ընկերությունների հետ բանակցությունների փոլում ենք, նոր ուղիներ ենք գտնում հնդկական ամենախոշոր ընկերությունների հետ»,- նշեց նա:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ, փակ ցուցադրություն է նախատեսված հայկական արտադրության վերջին արտադրանքների համար, ինչպես նաև կլինեն բաց ցուցադրություններ կրկին հայկական արտադրության այնպիսի տեսակների, որոնք մինչ այս բաց չեն ցուցադրվել: