Արցախի հաջողությունների այս շրջանում հայտնվում են մարդիկ՝ կեղծ հայտարարություններով. Իսագուլյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցը հերթականներից մեկն էր, այդտեղ արտառոց ոչինչ չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նրա գնահատմամբ՝ այցը բավական հաջողված է, նման այցեր եղել են, և չի կարելի տարանջատել այս այցելությունները, ուղղակի ժամանակ առ ժամանակ կողմերից որևէ մեկը մեծ ակտիվություն է ցուցաբերում:
«Արցախի Հանրապետությունը փորձում է դրսևորել հավասարակշռված քաղաքականություն, և նրանք բոլորին փորձում են տեղյակ պահել: Սա փոխադարձ հարգանք է, սա միակ ձևաչափն է, որտեղ երեք ուժային կենտրոններ, որոնք իրար հետ ունեն բավական սրված հարաբերություններ, կարողանում են երկխոսել: Եղել է բավական լավ, բայց հավասարակշռված այց, Արցախյան կողմը իր բոլոր հանդիպումներում կարողացել է հստակ ասել, որ համանախագահող բոլոր ուժային կենտրոնների հետ պահպանում է հավասարակշռված հարաբերություններ, դրա համար ասում ենք՝ այս այցն արտառոց չէ»,- ասաց նա:
Իսագուլյանն անդրադարձավ ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հայտարարություններին, նշեց, որ դրանք պատահական չէին և պակաս նշանակություն չունեն, քան այն խոսակցությունները, որ եղան Վաշինգտոնում:
Բանախոսն ընդգծեց՝ Զատուլինի հայտարարությունները կարևոր են, սակայն փակագծեր կան, որոնք պետք չէ բացել, և պատճառն ամենևին էլ անտեղյակությունը չէ: Զենքի վաճառքի հետ կապված վերանայումներն ու ափսոսանքն, ըստ Իսագուլյանի, կարելի է այլ կերպ հասկանալ. դա չի նշանակում, որ զենքի վաճառք չի լինի:
«Ադրբեջանը հատկապես նավթային բումի ժամանակ մեծ հնարավորություններ ուներ, և կային երկրներ, որոնցից ոչ պակաս արժողության զենք է գնել: Ուկրաինան ու Բելառուսը հերթ էին կանգնել, նրանք հիմա էլ են պատրաստ կանգնած՝ եթե կողմերից մեկը այդ զենքը չմատակարարի, իրենք լցնեն շուկան: Սակարկման խնդիր առաջանում է, ի պատիվ ՀՀ իշխանությունների՝ պետք է ասել, որ իրենք կարողանում են դա անել, և մենք կարողանում ենք Ռուսաստանից այդ ամենը ձեռք բերել շատ ավելի ուրիշ հնարավորություններով»,- ասաց նա:
Իսագուլյանի խոսքով՝ եթե մեր երկիրը շարժվի շուկայական հարաբերություների ճանապարհով, մյուս երկրները կարող է նաև շուկայականից բարձր գներով զենք առաջարկեն մեզ՝ հաշվի առնելով, որ այլընտրանք չենք ունենալու: Նա ընդգծեց՝ Հայաստանն ամեն ինչ անում է, որ զենքի մատակարարման առումով ինքը դառնա ինքնաբավ և դեռ կարողանա արտահանել:
«Երբ Զատուլինն ասում է՝ կվերանայվի, դա ինչ-որ բան նշանակում է, հավանաբար այդ մասին նա խոսել է նաև ամենաբարձր մակարդակով»,- ասաց նա:
Իսագուլյանը խոսեց նաև վերջին օրերին ակտիվորեն քննարկվող մեկ այլ հարցի շուրջ: Նա նշեց՝ այս շրջանում, երբ Արցախը կատարում է շատ կարևոր այցեր տարբեր ուժային կենտրոններ, կարողանում է արձանագրել բավական լուրջ հաջողություններ, այս պահին, երբ ամբողջ աշխարհը լարված է, հանկարծ Հայաստանում հայտնվում են մարդիկ, որոնք անում են հայտարարություններ, որոնք իրականության հետ կապ չունեն. «Մեր գրասենյակում մեզ անչափ հետաքրքրում է Արցախի հետ կապված ցանկացած նորություն, մենք ուշադիր հետևում ենք նաև սոցցանցերին և տարբեր շարժերին: Ասյա Խաչատրյանն ինձ համար նորություն չէ, ես գտնում եմ, որ ինքս թերացել եմ, ժամանակին մեզ ասվել է, ցավոք, դա չճշտված տեղեկություն է, որ հաճախ Թիֆլիս այցերի ժամանակ մեր ազատատենչ աղջիկն իր ընկերների հետ մի քանի ագամ եղել է Բաքվում: Վրաստանով ավելի հեշտ է անցնել Բաքու՝ առանց անձնագրի մեջ նշումների, իսկ նրա անակնկալ այցը Արցախ, միջադեպը այնտեղ միանգամայն այլ բնույթ է ունեցել»:
Իսագուլյանը հույս հայտնեց, որ Արցախի նախագահի հանձնարարականը կատարելիս համապատասխան մարմիններն այս միջադեպն ուշադիր կուսումնասիրեն՝ չտրվելով էմոցիաներին.« հետևեն՝ այդ աղջիկն ինչ նպատակներով է այցելում Վրաստանից Ադրբեջան»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին