Արսեն Համբարձումյան. Թարմացրել ենք սաղարթը
ՀՅԴ Գերագույն մարմնի՝ նորընտիր 9 անդամներից 6-ը նոր սերնդի ներկայացուցիչներ են,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
«Եթե ալեգորիկ արտահայտվելու լինեմ, թարմացրել ենք սաղարթը, ինչը կարծում եմ օգտակար է ծառի պտղաբերության ու երկարակեցության տեսանկյունից: Կարևորը արմատները շատ ամուր են, բունը՝ հաստատուն»,-ասաց նա։
ԳՄ նորընտիր անդամները, ըստ Ա. Համբարձումյանի, բոլորն էլ ունեն երակարամյա կուսակցական կենսագրություն, տարբեր ժամանակահատվածներում ակտիվ դերակատարություն են ունեցել կուսակցության մեջ:
ԳՄ կազմում կատարված փոփոխությունները նա հիմնավորում է այսպես՝ գործադիր ու օրենսդիր մարմիններում ընդգրկված կուսակից ընկերները բավականին բազմազբաղ են: Հաշվի է առնվել նաև հանգամանքը, որ կարևորվել է կազմակերպական մարմնի վերաաշխուժացումը:
«Պետք չէ կատու փնտրել մութ սենյակում: ԳՄ-ն ընտրվել է համախոհությամբ, քաղաքական ուղեգիծը մնացել է նույնը»,-հայտարարեց Համբարձումյանը՝ անդրադառնալով մամուլի հրպարակումներին, ըստ որոնց ԳՄ նախկին անդամներից մի քանիսը պաշտոններ են ստանալու առաջիկա կառավարությունում:
Նաև նշեց, որ Աղվան Վարդանյանը թեկնածուների թվում չի եղել:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի կազմում նախկինում 13 անդամ էր:
ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի ավարտին ընտրվել էր Գերագույն մարմին հետևյալ կազմով`
Արսեն Համբարձումյան,
Հրաչ Թադևոսյան,
Իշխան Սաղաթելյան,
Արթուր Եղիազարյան,
Սիմոն Սիմոնյան,
Սպարտակ Ղարաբաղցյան,
Վահագն Մատինյան,
Արթուր Ղազարյան,
Կարեն Մնացականյան:
ՀՅԴ ԳՄ նախկին կազմը, որն ընտրվել էր 2016թ. մայիսին, ուներ հետևյալ տեսքը. Միքայել Մանուկյան, Հրաչ Թադևոսյան, Պետրոս Մեղրյան, Դավիթ Լոքյան, Լևոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, Իշխան Սաղաթելյան, Արսեն Համբարձումյան, Գագիկ Գևորգյան, Աշոտ Փափազյան, Սամվել Երանյան, Ռոմիկ Մանուկյան: