Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահել են էստոնական պատվիրակության հայ անդամին
Էստոնիայի քաղաքացի, Տալինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական և Էստոնիայի Ցենտրիստական կուսակցության երիտթևի նախագահ Կարինե Օգանեսյանը մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցության նպատակով մարտի 23-ին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։
Պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել է մուտքի էլեկտրոնային արտոնագիր և էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) մեկնել է Բաքու։ Սակայն Կարինեի օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները «նկատել են բացթողումը», նկատել են նրա հայկական ծագումը, չեն թողել մուտք գործի Ադրբեջան և 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո, հետադարձ ճանապարհով ուղարկել են Էստոնիա։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիտվիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանն ու ավելացրել.
«Այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը։ Հակահայ քաղաքականությամբ ներծծված Բաքուն հերթական անգամ ցինիկ վերաբերմունք է ցուցաբերում իր համար այդքան խորթ եվրոպական արժեքների նկատմամբ։ Հուսով եմ էստոնական կողմը հետևություններ կանի և համարժեք կարձագանքի այս նողկալի պատմությանը՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը։ Եվրոպական կառույցները նույնպես անտարբեր չպետք է մնան, քանի որ Էստոնիան ԵՄ անդամ պետություն է և Կարինե Օգանեսյանը ԵՄ քաղաքացի է։
Եվ ընդհանրապես, եթե որևէ երկիր ի վիճակի չէ տարաբնույթ դրդապատճառներից ելնելով միջազգային գիտաժողովներին հրավիրված բոլոր մասնակիցներին և նրանց ուղեկցող անձնակազմին ընդունել, ապա լուրջ վերանայման պետք է ենթարկել տվյալ երկրում նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան