Փախչանյան. «ArmHiTec 2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու է արտասահմանյան 30 ընկերություն
«Վաղը տեղի կունենա սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec 2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որը միտված է Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացմանը և մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացմանը և նոր կապերի ստեղծմանը: Ցուցահանդեսի ընթացքում անցկացվելու են մի մի շարք միջոցառումներ՝ կոնֆերանսներ, կլոր սեղաններ, տեղի կունենա նաև պաշտպանության նախարարության գիտական և գիտատեխնիկական կոնֆերանսը, ՀԱՊԿ ռազմատեխնիկական միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի նիստը և այլն»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցելու են 14 տարբեր երկրներից 30 ընկերություններ:
«Մասնակցելու են մեր հայկական բոլոր ընկերությունները, մեծ քանակով արտասահմանյան ընկերություններ ներկայացված չեն լինելու տաղավարներում, բայց մասնակցելու են գործարար ծրագրերին»- նշեց Դ.Փախչանյանը և հավելեց, որ ցուցահանդեսին ներկա են լինելու նաև շուրջ 10 երկրներից պետական բարձր մակարդակով պատվիրակություններ: