«Այսօր Լոքյան Դավիթը որևէ խնդիր չունի». նախարարն իր պաշտոնանկության մասին
«Մամուլում ամեն ինչ լինում է, ամեն օր մենք մի պաշտոն ստանում ենք, մեկից ազատվում ենք, բայց առ այսօր երևի այդպիսի հարց, գոնե ինձ հետ կապված չկա», - այս մասին այսօր կառավրության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ են այն լուրերը, որ իր փոխարեն նախարար է նշանակվելու Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Նախարարը հիշեցրեց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմնի անդամների այն հայտարարությունը, թե կուսակցությունը չի քննարկում կադրային փոփոխությունների հարցը և այն նախարարները, որոնք աշխատում են կոալիցիոն կառավարությունում, շարունակելու են աշխատել:
«Երբ կունենանք նոր կառավարություն և կառավարության ղեկավարը կորոշի, որ դժվարություններ ունի այս կամ այն քաղաքական կուսակցության, այսինքն՝ կոնկրետ ինձ հետ աշխատելու խնդիր կա, դա քննարկման հարց է, բայց այսօր Լոքյան Դավիթը որևէ խնդիր չունի: Ես սիրով կարդում եմ այդ ամբողջը, ժպտում եմ և դրանով ավարտում», - նշեց նա: