Արցախում պայթյունի փաստով քննության համար դրսից փորձագետներ են հրավիրվել. The HALO Trust
The HALO Trust կազմակերպությունը հրապարակել է Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով զոհվածների անունները՝ Պավել Հակոբով, Մարատ Պետրոսյան, Սամսոն Ավանեսյան:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պայթյունի հետևանքով երկու մարդ վիրավորվել է՝ Արամ Մկրտչյանի ու Գարիկ Գոհիրյան: Նրանց վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է:
«Խոր վշտով հայտնում եմ, որ մարտի 29-ի առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով երեք աշխատակից մահացել է, իսկ երկուսը՝ վիրավորվել: Այդ ժամանակ անձնակազմի անդամները գտնվում էին մեքենայի մեջ ՝իրականացնելով ականադաշտի հետազոտական աշխատանքներ:
Ներկայումս վիրավորները ստանում են համապատասխան բուժօգնություն Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում։ ՀԱԼՈ Թրասթը արդեն տեղեկացրել է տուժածների ընտանիքներին։ Մենք սերտորեն աշխատում ենք ԼՂ-ի ոստիկանության և իշխանությունների հետ, բացի դրանից դրսից հրավիրել ենք փորձագետների, որպեսզի կարողանանք լիարժեք փաստեր ներկայացնել պատահարի մասին։
Ամեն օր աշխարհի տարբեր մասերում, ՀԱԼՈ-ի անձնակազմի ավելի քան 8,000 անդամներ այնպիսի վայրերում են աշխատում, որտեղ նույնիսկ մուտք գործելն է վտանգավոր և այս ողբերգական պատահարը ևս մեկ անգամ ցույց է տալիս այն վտանգը, որի հետ առնչվում են և մեր աշխատանքի կարևորությունը։ Մեր գործընկերները մահացել են աշխատանքի ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար տարածքը ապահով էին դարձնում»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱՆ. Ականի պայթյունից վիրավորվածներից մեկի երկու վերջույթներն անդամահատել են
- Արցախի ԱՆ-ն հրապարակել է պայթյունի հետևանքով վիրավորների անունները
- Դավիթ Բաբայան. Պայթյունի հետևանքով երեք արցախցի է զոհվել
- Արցախում պայթյունից տուժածները վիրահատվում են
- Արցախում տեղի ունեցած ականի պայթյունը կապ չունի պաշտպանության բանակի հետ. Սենոր Հասրաթյան