Աղբահանության պայմանագրի կնքման ու հավաքագրման մասով պայմանագրերի թիվը դեռևս բավարար չէ. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձրարեց շարունակել «Մաքուր Հայաստան» ծրագիրը:
Վարչապետը հիշեցրեց, որ 2017 թվականի փետրվարի 16-ին հանրապետությունում մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում ընդունված գործողությունների ծրագիրը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվել է։
Արդյունքում, ըստ նրա, կազմակերպվել է 3 համապետական շաբաթօրյակ, 2018 թվականի մարտի դրությամբ արձանագրված 2031 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1622-ը, իսկ դեռևս փակման ենթակա են 108-ը: Նշեց նաև, որ բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ:
Այդուհանդերձ, ըստ Կարեն Կարապետյանի, աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման մասով պայմանագրերի թիվը չնայած առկա դրական զարգացումների, դեռևս բավարար և ընդունելի չէ։
Հաշվի առնելով այն, որ աղբահանության ոլորտում դեռևս առկա է համակարգված նոր միջոցառումների կատարման անհրաժեշտություն, ինչպես նաև ընթացիկ, սեզոնային խնդիրներին հրատապ լուծման կարիք, վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացաման նախարարին, Մարզպետներին, առաջարկեց Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին 10-օրյա ժամկետում համագործակցելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ՝ մշակել Մաքուր Հայաստան ծրագրի շրջանակներում նոր գործողությունների ծրագիր` սահմանելով հստակ ժամանակացույց և ըստ ոլորտի գործողությունների պատասխանատուներ, միաժամանակ ընդգրկելով հնարավոր բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությունն ու օժանդակությունը։
«Ծրագիրը մշակելիս նախատեսել, որ իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հունիսի 1-ը և թերությունների դեպքում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ հարկավոր է նախատեսել նաև տարվա կտրվածքով առնվազն 4 շաբաթօրյակների կազմակերպման գրաֆիկ, ինչպես նաև հատկապես ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապետական միջոցառումներին, զբոսաշրջային ուղղություններին, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքները մաքուր պահելու գործողություններին։
Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց նախատեսված աշխատանքները ավարտելուն պես մինչև ապրիլի 15-ը Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան նոր գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ապահովել ապրիլի 14-ին համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին