Սանասարյանը ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում նկարագրված բնապահպանական ռիսկերը
«Հանքարդյունաբերական նախագիծը թերի է և պետք է ուժը կորցրած ճանաչել»,- այս մասին նշել է «Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը՝ ում առաջարկությամբ ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատում անցած ծրագրին վերաբերող հարցեր։
Բանախոսը մտահոգություն է հայտնել, որ հանքշահագործումն իրականացվում է Արփա, Որոտան և վերջինիս վտակ Դարբ գետերի ջրբաժանում, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի ջրային ռեսուրսների և վերջին հաշվով նաև Սևանա լճի որակի վրա։ Հ․ Սանասարյանը ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրում նկարագրված բնապահպանական ռիսկերը, կենդանական և բուսական աշխարհին հասցվելիք վնասները և մտահոգություն հայտնել, որ դրանց կանախարգելման, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու տեխնիկական նախագծերն անբավարար են։
Հանդիպմանը ներկա բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդի անդամներին հիշեցնելով, որ բնապահպանական գերատեսչությունը նորմատիվ որոշումների կայացման և վարչարարության մարմին է և գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում և մեջ է բերել օրենքի այն դրույթները, որոնց առկայության դեպքում հնարավոր է ուժը կորցրած ճանաչել փորձաքննական եզրակացությունը։ Նախարարը փաստել է, որ հիշատակված հիմքերից որևէ մեկն այս պահի դրությամբ առկա չէ, իսկ փորձաքննության գործընթացն իրականացվել է օրենքի շրջանակներում։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն արձանագրել է, որ հանքի շահագործումը մեկնարկել է և առաջարկել իրականացնել հասարակական մշտադիտարկում՝ նախագծից շեղումները բացառելու նպատակով։
«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը ցանկացողներին հրավիրել է մասնակցային մոնիթորինգի, որը հանքավայրում արդեն իրականացվում է հարակից համայնքների բնակիչների մասնակցությամբ՝ նկատելով, որ մոնիթորինգի գործընթացը նկարագրված է բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն ստացած ծրագրում։
Պատասխանելով Արծվիկ Մինասյանի հարցին՝ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենը ներկայացրել է նաև հասարակությանը հուզող թթվային դրենաժների կառավարման ուղղությամբ նախատեսված գործողությունները։
Անդրադառնալով հասարակությանը հուզող ցիանիդի խնդրին՝ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի մասնագետ Արթուր Մինասյան տեղեկացրել է, որ անհրաժեշտ չափանիշներին բավարարելուց հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունն անդամակցել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին և պարտավորվել է պահպանել դրա պահանջները։ Արթուր Մինասյանը հայտարարել է, որ փորձաքննության գործընթացներում օրենքով սահմանված 4 հանրային քննարկում է տեղի ունեցել, որոնց մասնակցել և առաջարկություն է ներկայացրել միայն մեկ՝ Civil Voices հասարակական կազմակերպությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հակոբ Հակոբյանը քանդում է Ամուլսարը
- ՀԲՃ. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից
- Ամուլսարում ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ին
- ՀԲՃ. Հասմիկ Պապյանը միացավ Ամուլսարի հանքի դադարեցման ստորագրահավաքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան