Գործարար միջավայրի բարելավմանը խոչընդոտում է բիզնես-պետական պաշտոնյա սերտաճումը. Գագիկ Մակարյան
Գործարար միջավայրի բարելավումը` հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրները, պետք է լինեն պետական մարմինների ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով՝ գործարար միջավայրի բարելավումը պետական մարմինների ուշադրության ներքո պետք է լինի երեք ուղղություններով: Առաջինն, ըստ նրա, փոքր և միկրո բիզնեսն է, որի մասնաբաժինը թեև ՀՆԱ-ում կազմում է 27 տոկոս և արտահանման վրա էական ազդեցություն չունի, այդուհանդերձ, սոցիալական նշանակությունը կարևոր է զբաղվածության, ընտանեկան բիզնեսի և ինքնազբաղվածություն ապահովելու տեսանկյունից:
Երկրորդ ուղղությունը, ըստ Գագիկ Մակարյանի, որին պետք է պետությունն ուշադրություն դարձնի միջին և խոշոր բիզնեսն է, որը ՀՆԱ-ի մեծ մասն է կազմում՝ 73 տոկոս. «Պետական հարկերի գերակշռող մասը գոյանում է միջին և խոշոր բիզնեսից, արտահանման հիմնական ծավալները՝ նույնպես, ֆիսկալ քաղաքականության առումով ևս ունեն լուրջ դերակատարություն»:
Երրորդը՝ ձեռնարկությունների ֆորմալացումն է. «Պետությունն այս երեք ուղղությունները չի կարողանում ծածկել, նույնիսկ ներկայումս կառավարությունն այս երեք բլոկի հանդեպ համապատասխան ուշադրություն և համապատասխան գործառույթ չի կարողանում ապահովել:
Պատճառներից առաջինն այն է, որ խնդիրների ուսումնասիրությունը, վերլուծությունը դեռևս արդյունավետ չեն։ Երկրորդ պատճառն այն է, որ դեռևս առկա է բիզնես-պետական պաշտոնյա սերտաճումը, պետական ապարատում պաշտոններ զբաղեցնող մարդիկ չունեն մոտիվացիա, բացի այդ, խնդիր է պետական պաշտոնյաների անփութությունը, հաճախ տարբեր առիթներով սխալներ թույլ տալը, որոնց համար նրանք պատասխանատվություն չեն կրում կամ միայն ներողություն խնդրելով հարցն ավարտվում է»։
Նրա խոսքով՝ գործարար միջավայրի բարելավմանը խոչընդոտում է նաև շահերի բախումը, երբ պետական որոշ կառույցներ փորձում են գործել հօգուտ իրենց շահերի:
Բացի այդ, ըստ Գագիկ Մակարյանի, այսօր մեր երկրում հավասարաչափ չեն կիրառվում տեսչական ստուգումները, գործընթացները թաթանցիկ չեն և դեռևս առկա են տարբեր վերաբերմունքներ:
«ՊԵԿ-ը, հատկապես հարկային մասով կաշառք չի վերցնում, բայց առևտրային օբյեկտների կամ նրանց մատակարարների նկատմամբ կարող է անիմաստ ակտեր գրել, որոնք նպատակային ուղղված են բյուջեն լցնելու համար: Այսինքն՝ սրանք այն խնդիրներն են, որոնք խոչընդոտ են հանդիսանում գործարար միջավայրի զարգացման համար»,- նշեց Գագիկ Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում