Վստահ եմ, որ Երևանից հեռանալով չեմ դադարի կապ ունենալ Հայաստանի հետ. Իվան Վոլինկին
«Այսօր պետք է արձանագրենք, որ մենք ունիկալ հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Բայց դա չի նշանակում, որ պետք է հանգստանալ, մանավանդ, որ աշխատանքի մեծ դաշտ ունենք և առհասարակ ցանկացած բարեկամության պահպանման և ամրապնդման ուղղությամբ պետք է անընդհատ աշխատել: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և վստահ եմ, որ Դուք մեզ չեք մոռանա: Միշտ ուրախ կլինենք Ձեզ տեսնել Հայաստանում», - դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու առթիվ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպմանը նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպման սկզբում Կարեն Կարապետյանն իր ցավակցությունն է հայտնել դեսպանին Կեմերովոյում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել բարեկամ Հայաստանում և իր ներդրումն ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:
«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել համագործակցության և ջերմ հարաբերությունների համար: Հայաստանից հեռանում եմ խառը զգացողություններով, քանի որ այստեղ ինձ զգում էի ինչպես հայրենիքում: Վստահ եմ, որ Երևանից հեռանալով չեմ դադարի կապ ունենալ Հայաստանի հետ», - նշել է դեսպանը: