«Հայաստանն իր շրջանառություններով դեղարտադրողներին չի հետաքրքրում»
Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի հետ զրույցում Panorama.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք մոնիթորինգ անում են՝ պարզելու համար, թե հիվանդանոցներում ու դեղատներում որ դեղերի պահանջարկը կա։
«Դեղերը, բացի բիզնես պրոդուկտ լինելուց, որ իրենց երկրորդական դերն է, նաև պետք է ապահովեն հիվանդների բուժումը, հիվանդների համար հասանելի լինելը»,- ասաց նա։
Հարցին՝ որ երկրների հետ են աշխատում հիմնականում, մեր երկիրն իբրև շուկա ո՞ր երկրներին է հետաքրքրում՝ Զաքարյանը պատասխանեց, որ Հայաստանը ոչ մի խոշոր արտադրողի առանձնապես չի հետաքրքրում իր շրջանառություններով ու վաճառքով։
«Դրա համար երբ մեր գործարարները կարող են ինչ-որ մեկի հետ պայմանավորվել, ինչ-որ ձևով պատը քանդել, ջանքեր թափելով՝ նրանց արտադրանքը հասցնել հայ սպառողին, հայ հիվանդին, արդեն հերոսություն է»,- ասաց նա։
Զաքարյանը նշեց, որ Հայաստանի հետ աշխատելուց խուսափելու պատճառ է նաև վստահության պակասը, այն, որ կառավարության աշխատակիցների աշխատաոճն և վարվելաձևը վստահություն չի ներշնչում, բացի այդ՝ մեծ ռիսկեր կան, դրա համար շատերը գերադասում են փակել իրենց ներկայությունը Հայաստանում։
Զաքարյանն ասաց, որ հիմնականում ոչ թե մեր երկիրն է հրաժարվել ինչ-որ երկրների հետ աշխատելուց, այլ Հայաստանից են հրաժարվել հենց առկա ռիսկերի պատճառով՝ աշխատաոճի, օրենսդրության, չնայած այդ մասին չեն բարձրաձայնում։
«Մարդիկ չեն ուզում աշխատել, որովհետև Առողջապահության նախարարության կայքում կարող է մի դեղի մասին այնպիսի բան գրված լինի, որ այդ կազմակերպության հեղինակությանը հարվածի, այդ նորությունը կարող է կազմակերպության բաժնետոմսերի գինն իջեցնի՝ միայն համացանցում՝ պաշտոնական կայքում մեկի գրած վատ տեղեկության պատճառով, որ շատ դեպքերում չի համապատասխանում իրականությանը։ Իրենց ինչի՞ն է պետք, ամբողջ Հայաստանի տարեկան շրջանառությունն իրենց կազմակերպության համար միջին կարգի դեղատան շրջանառություն է, ասենք, Նյու Յորքում կամ Լոնդոնում, իրենց պե՞տք է այս երկիրը, որ ոչ միայն հետաքրքիր չէ, մի բան էլ ավելորդ ռիսկեր ունենան, որ հետագայում ազդելու է իրենց համաշխարհային գործունեության վրա»,- ասաց նա։
Զաքարյանն անդրադարձավ նաև դեղատոմսով դեղերի դուրսգրման կարգի ընդունմանը, նշեց, որ դրա հետևանքով Հայաստանում դեղերի գների բարձրացման միտումն արդեն նկատելի է։
«Եթե մի բան դառնում է քիչ հասանելի կամ խոչընդոտ կա հասանելիության համար, Սովետի ժամանակ բառ կար՝ «դիֆիցիտ», եթե ստեղծվում է դիֆիցիտ, ուրեմն դա պիտի ազդի նաև գնելու-ձեռք բերելու վրա»,- ասաց նա։
Զաքարյանը նշեց, որ դեղերի գնի բարձրացումը թեպետ արդեն զգացվում է, սակայն տոկոս նշել չի կարող, քանի որ մոնիթորինգ չեն արել։
Նա ընդգծեց՝ խնդիրն այն է, որ դեղատոմսերով դեղերի դուրսգրման կարգը օրենքով եղել է, կա և պիտի լինի, խոսքն այն մասին է, որ այդ կարգն առանձնապես չէր պահպանվում և խստություն չէր ցուցաբերվում, հիմա նոր կարգով որոշել են, որ ավելի խիստ պետք է լինեն, ինչը ողջունելի է։
Զաքարյանը, սակայն, նշեց՝ երբ որոշում կա, և հանրությանն է պետք պատրաստել, և մասնագիտական հատվածին՝ դեղատների ցանց, դեղագործներ, ներմուծողներ, մինչդեռ հայտարարվում է, որ երկու շաբաթից սկսում են, ու ոչ ոք չգիտի՝ ինչպես է դա արվում։
«Դա մեր կառավարության, կոնկրետ այս դեպքում կարող եմ խոսել Առողջապահության նախարարության մասին՝ իրենց աշխատաոճն է, որն ընդունելի չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ քաոսից հնարավոր էր խուսափել, եթե քննարկումներ արվեին, խորհուրդներ լսեին։
Միության նախագահը կրկնեց՝ որոշումը վատը չէ, այժմ ամեն մարդ չի կարող մտնել դեղատուն, գնել ինչ մտքով անցնում է, ինչպես նախկինում էր՝ մարդ մտնում էր դեղատուն, ասում՝ այսինչ տեղը ցավում է, ու դեղատան աշխատողը որոշում է, որ երիկամն է, երիկամի դեղ տալիս։
Հարակից հրապարակումներ`
- Դեղատոմսի դուրսգրումն անվճար է. Սերգեյ Խաչատրյան
- Ժամկետանց դեղեր վաճառելու նպատակ չկար և չէր կարող լինել. Սերգեյ Խաչատրյան
- «Դեղատոմսով դեղերի տրամադրման կարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»
- Ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերն արդեն դեղատան դիմաց գրում տալիս են. վարչապետ
- Ինչու նստելը մեկ է, իջնելը՝ երկու
- Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը
- Դեղատոմսով դեղերի լեղի կողմերը