Վանաձորում և Ալավերդիում ծծմբի երկօքսիդի և փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի քաղաքներում 2018 թվականի փետրվարին օդում ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման: Այդ տվյալները ստացվել են ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման արդյունքում:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նշված ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդը Վանաձորում թույլատրելի նորման գերազանցել է 1.5 անգամ, Ալավերդիում` 2.2 անգամ:
Այս քաղաքներում նաև փոշու պարունակությունն է գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Մասնավորապես, Վանաձորում փոշու խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 1.7 անգամ, Ալավերդիում՝ 2.9 անգամ:
Մյուս բոլոր բնակավայրերում փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը եղել են նորմայի սահմաններում:
Նշենք, որ ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության, փետրվար ամսին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 14 ստացիոնար դիտակայաններում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 131 փորձանմուշ, պասիվ նմուշառման 197 դիտակետից՝ օդի 1 436 փորձանմուշ: Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի, համապատասխանաբար՝ 19 858 և 9 605 դիտարկում:
ԱՎԾ-ի փոխանցմամբ, փետրվարին մակերևութային ջրերի նմուշառ կատարվել է հանրապետության 14 գետերի և Երևանյան լճի 32 դիտակետերում: Վերցված 32 փորձանմուշներում որոշվել է 50-ական ցուցանիշ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան