Նիկոլ Փաշինյան. «Հանուն Հայաստան պետության» ճակատից հնչում են իրարամերժ գնահատականներ
«Ելք» դաշինքը վաղը կհրապարակի պայքարի գործողությունների վերաբերյալ ճանապարհային քարտեզը: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դրանով կտրվեն նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցերի պատասխանները:
Փաշինյանը համարում է, որ այդ ճակատից առայժմ հնչող գնահատականներն իրարամերժ են, չկա հստակ մոտեցում:
«Կան գործիչներ, ովքեր ընդունում են համապարփակ, ոչ բռնի պայքարի սկզբունքը, կան գործիչներ, ովքեր ընդունում են բռնության մերժումը՝ որպես գործողություն, բայց դա չեն ընդունում որպես հակագործողություն: Կան գործիչներ էլ, ովքեր մերժում են ոչ բռնի պայքարի սկզբունքը»,-ասաց խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարը:
Քանի դեռ ճակատից հստակ, միասնական գնահատական չի հնչել, «Ելք»-ից չեն կարող պատասխանել նրանց հետ համագործակցության վերաբերյալ հարցին:
«Երբ կլինի միասնական, հստակ մոտեցում, մեր դիրքորոշումն էլ ըստ այդմ, վերջնական կհստակեցվի»,-ասաց նա:
Ներկայացնելով իրենց քաղաքական ուժի մոտեցումը, բանախոսը հայտարարեց, իրենք չեն կիրառելու բռնություն որևէ մեկի նկատմամբ, չեն կիրառելու բռնություն նաև իրենց նկատմամբ բռնություն կատարողների նկատմամբ:
«Սա շատ պարզ սկզբունք է: Բա ի՞նչ ենք անելու, ենթարկվելո՞ւ ենք, կատարելո՞ւ ենք, մեզ բռնությամբ սպառնացողներին, մեր նկատմամբ բռնություն իրականացնողներին: Ո´չ: Մենք կիրառելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր պասիվ միջոցները»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով, երբ ուժը բռնությամբ իշխանության է հասնում, ապա նախադրյալ է ստեղծում, որ հետագայում պետք է բռնությամբ այդ իշխանությունը պահել.
«Մենք բռնությունը մերժում ենք ընդմիշտ, որպես ներհանրային հարաբերությունների մեթոդ: Սա շատ կարևոր սկզբունք է, քանի որ տանկերով իշխանության գալը, նշանակում է տանկերով էլ կառավարել: Մեր խնդիրը ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի, այլ քաղաքացու հաղթանակն է, որ վերջնական արդյունքում ՀՀ քաղաքացին կարողանա ասել, ես հավաքեցի ուժերս ու կարողացա որոշում կայացնել իմ հայրենիքի ապագայի վերաբերյալ»:
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը չի ընդունել «հանուն Հայաստան պետության» ճակատի հանդիպման հրավերը
- «Ժամանակ». «Հանուն Հայաստան պետության» ճակատին կմիանա Սեյրան Օհանյանը
- Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան