Աթեշյանի դեմ բողոքը հասել է Ստամբուլի փողոցներ
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ բողոքի ալիքը դուրս է եկել համայնքային շրջանակներից և հասել Ստամբուլի փողոցներ: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջամտեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին, իսկ Աթեշյանը վերադարձրեց պատրիարքի փոխանորդի պաշտոնը, համայնքում արքեպիսկոպոսի նկատմամբ առաջացած դժգոհությունն արտահայտվում էր նրա հանդիսապետությամբ անցկացվող պատարագների և համայնքային միջոցառումների ժամանակ բողոքի ակցիաներով:
Իսկ այժմ, ի նշան բողոքի, անհայտ անձինք Ստամբուլի Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի պողոտաներում ու փողոցներում փակցնում են թռուցիկներ, որոնցում պատկերված է պատրիարքի փոխանորդի դիմանկարը՝ աչքերը սև ժապավենով փակված:
Գործին միջամտել է Ստամբուլի ոստիկանությունը, որը նկարները փակցնողների ինքնությունը պարզելու նպատակով ուսումնասիրում է փողոցներում տեսախցիկների ձայնագրությունները:
Պոլսահայ փաստաբան Սեբու Ասլանգիլը հայտնել է, որ փողոցում նկար փակցնելը հանցանք չի համարվում, եթե նկարների բովանդակությունը հանցակազմ չի պարունակում:
«Նմանատիպ նկարները հանցագործություն չեն համարվում: Սակայն, եթե բողոքող կողմ լինի, որը կյանքի վտանգի կամ սպառնալիքի և կամ այլ փաստարկով բողոք ներկայացնի, ապա սպասելի է, որ ոստիկանությունը ուսումնասիրություն կկատարի»:
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանը: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:
Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսահայ գործիչը Աթեշյանի պահանջով հրաժարական է տվել
- Գերագույն հոգևոր խորհուրդը սթափության կոչ է անում Բեքչյանին, Աթեշյանին, Մաշալյանին
- Մաշալյան. «Աթեշյանը և Շիրինօղլուն ապացուցեին, որ Թուրքիայի սիրելիներն են»
- Բեքչյանի հրաժեշտը. Տխրեցնող, ցավալի ինտրիգներ են հյուսվել
- «Ժամանակ». Բեքչյանը հրաժարական տվեց, Աթեշյանը վերադարձավ փոխանորդի պաշտոնին