Մասրիկ-1-ի համար ամենացածր էլեկտրաէներգիայի սակագին է առաջարկել նիդեռլանդական ու իսպանական ընկերությունների կոնսորցիումը
Մասրիկ-1 55ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի համար կազմակերպված մրցույթի շրջանակում բացվել են ներդրող ընկերությունների ֆինանսական փաթեթները և հայտնի է դարձել ամենացածր էլեկտրաէներգիայի սակագին առաջարկած ընկերության անունը:
Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ. (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է:
Աղբյուրը հայտնում է, որ ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ արդեն այսօր Հայաստանում արևային ֆոտովոլտային էներգետիկան ի զորու է հաջողությամբ մրցակցել էներգետիկայի այլ ճյուղերի հետ, երկրի էներգետիկ հաշվեկշում հավակնել շատ ավելի բարձր կշռի և առաջընթացի նոր թափ հաղորդել Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործին:
Մասրիկ-1 կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում՝ ամբողջությամբ օտարերկյա ներդրումների ներգրավմամբ: Կայանի համար ընտրված տարածքում առկա են ժամանակակից հզոր ֆոտովոլտային կայան կառուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Կայանի հզորությունը թույլ կտա տարեկան արտադրել մինչև 120 մլն կՎտ•ժամ էլեկտրաէներգիա: Ակնկալվող ներդրումների չափը մոտ 50 մլն ԱՄՆ դոլար է:
Մասրիկ-1 ծրագրի ներդրողների մրցույթի սկիզբը դրվել է 2017 թ. փետրվարին Երևանում կայացած «Էներգետիկայի շաբաթ» միջոցառմանը, որին մասնակցեցին հիսունից ավելի արտերկրի ընկերությունների ներկայացուցիչներ: Ներդրողների բարձր հետաքրքրությունը հաստատվեց նաև ծրագրի նախաորակավորման փուլում: Մրցույթի հայտեր են գնել յոթ տասնյակից ավել ընկերություններ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Հնդկաստանից, Հարավային Աֆրիկայից և այլ երկրներից: Քսան ընկերություն ներկայացրեցին հայտեր, որոնցից տասը հաղթահարել էին նախաորակավորման շեմը, իրավունք էին ստացան մասնակցել մրցույթի գլխավոր փուլին և ներկայացնել իրենց ձեռնտու սակագինը:
Հարակից հրապարակումներ`
- «Մասրիկ-1» կայանի կառուցման մրցույթի երկրորդ փուլը
- Մասրիկում 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման մրցույթ է հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին