Վավերացվել է գինեգործության ոլորտի 2018-2023 թվականների մարկետինգային ռազմավարությունը
«Խաղողագործությունը և գինեգործությունը մեր երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից են, և ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր է այս ոլորտի արդյունավետ և նպատակային կառավարման ապահովումը: Այս տեսանկյունից մենք բարձր ենք գնահատում CBI-ի աջակցությունը՝ ուղղված ոլորտի մարկետինգային ռազմավարության արդյունավետ մշակմանը», - այս մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը՝ «Գինեգործության ոլորտի մարկետինգային ռազմավարությունը 2018-2023 թթ. Համար» փաստաթղթի վավերացմանը նվիրված մարտի 27-ից 28-ը Երևանում աշխատաժողովի ժամանակ։
ԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից՝ Նիդերլանդների կառավարության Զարգացող երկրներից արտահանման խթանման կազմակերպության (CBI) աջակցությամբ:
Փաստաթուղթը վավերացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և CBI-ի կողմից: Այն մշակվել է հայկական գինեգործական ընկերությունների և CBI-ի կողմից՝ հիմնադրամի աջակցությամբ:
CBI ծրագրի ղեկավար Ռեյնոլդ Նույժտենը բարձր է գնահատել կազմակերպության համագործակցությունը հիմնադրամի հետ փաստաթղթի ստեղծման և գինեգործական ընկերությունների կարողությունների կատարելագործման ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրերի ընթացքում:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ընդգծել է, որ մշակված ռազմավարությունը կծառայի ոլորտին որպես գործունեության ուղեցույց՝ թիրախային շուկաների ընտրության և տվյալ շուկաներում գործունեություն ծավալելու հարցում: Նա ընդգծել է, որ CBI-ի աջակցությունը ոլորտի զարգացմանը չի սահմանափակվում միայն սույն ռազմավարության մշակմամբ, այլև նպաստում է միջազգային հարթակներում հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանն ու տեղական ընկերությունների արտադրական կարողությունների հզորացմանը:
Վավերացումից հետո կայացած եզրափակիչ աշխատաժողովի ընթացքում կողմերը միջազգային կազմակերպությունների, տեղական գինեգործական ընկերությունների և ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ քննարկել են փաստաթղթի մանրամասները և առաջիկա գործողությունների պլանը, որը համառոտ ներկայացրել է CBI-ի փորձագետ Վիլլի Գալաբովան: