Նստակյաց ապրելակերպն արագ քայքայում է առողջությունը
Նստակյաց ապրելակերպը կարող է 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտի հիվանդությունների ու ինսուլտի զարգացման պատճառ դառնալ։ Այս մասին տեղեկացնում է meddaily.ru-ն։ Լիվերպուլի Համալսարանի հետազոտողները պարզել են՝ նստակյաց ապրելակերպ վարողների մոտ արդեն երկու շաբաթից ի հայտ են գալիս առողջական խնդիրները։ Բարեբախտաբար, այդ բացասական հետևանքները հնարավոր է հաղթահարել։
Հետազոտությանը մասնակցել է 45 անձ, միջին տարիքը՝ 36 տարեկան։ Կամավորները մշտապես նստակյաց կենսաձև էին վարում, սակայն ամեն օր առնվազն 10 հազար քայլաչափ զբոսնում էին, և այդպես՝ երկու շաբաթ շարունակ։ Նրանք աշխատանքի էին գնում կամ մեքենայով կամ հասարակական տրանսպորտով, օգտվում էին վերելակներից, հանգստյան օրերն անցկացնում էին տանը՝ հեռուստացույցների կամ համակարգիչների առաջ։
Նրանք կրում էին հատուկ սարքեր, որոնք հետևում էին նրանց ֆիզիկական ակտիվության մակարդակին։ Այս կամավորներին նաև խնդրել էին պահպանել իրենց սովորական դիետան և վարել սնվելու օրագիր։ Երկու շաբաթ անց նրանք առողջական վիճակը ստուգվեց։ Հետազոտողները նկատեցին, որ մասնակիցների մոտ լայնացել է գոտկային հատվածը, ավելացել է օրգանիզմում ճարպերի քանակը, փոքրացել է մկանային զանգվածը և նվազել սիրտանոթային համակարգի դիմացկունությունը։
Բացի այդ, մասնակիցների մոտ նկատվել է ինսուլինի նկատմամբ զգայունության նվազում։ Այս ամենը հատկապես ակնհայտ է եղել այն մարդկանց մոտ, ովքեր 2-րդ տիպի դիաբետով հիվանդ մերձավոր բարեկամներ ունեին։ Հետո փորձարկման մասնակիցներին խնդրել են կրկին ակտիվ կյանք վարել։ Երկու շաբաթ անց վերոնշյալ խնդիրներն անհետացել են։
Փորձագետները խորհուրդ են տալիս առօրյայում հնարավորինս ակտիվ կենսաձև վարել, օրինակ՝ հաճախ քայլել, աստիճաններով բարձրանալ և գնումներ կատարել սուպերմարկետում, ոչ թե համացանցից։