Երևանում նոր հյուրանոց բացվեց
Երևանի կենտրոնում այսօր բացված «Դը Ալեքսանդր» հյուրանոցային համալիրը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցող շատ պատվիրակությունների անդամների հնարավորություն կընձեռնի հանգրվանել լյուքս դասի հյուրանոցային համալիրում։ Այս մասին այսօր հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հյուրանոցի գործադիր տնօրեն Ժան Կադարսը։
«Դը Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի սեփականատերը 2012-ին հիմնադրած «Ծուպանի» ՓԲԸ-ն է։
Ժան Կադարսը հայտնեց, որ հյուրանոցը, շուրջ 13 հազար քառակուսի մետր, 15 հարկանի (3-ը ստորգետնյա), շինություն է՝ կառուցված 0,098 հա հողատարածքի վրա. «Հանդիսանալով Marriot International ընկերությանը պատկանող The Luxury Collectoin հյուրանոցային ցանցի անդամ՝ հյուրանոցը կառուցվել է համաշխարհային չափանիշներին համապատասխան շինարարական նյութերով»։
Հյուրանոցը սկսել են կառուցել 2014 թվականի հուլիսին, ներդրումների արժեքը կազմել է 53,9 մլն ԱՄՆ դոլար։
«Այն կարող է միաժամանակ ընդունել 230 այցելու, Հայաստանում միակն է իր դասի մեջ, որ գործելու է ամենաբարձր գնային սեգմենտում՝ համարների արժեքը 191 հազար դրամից մինչև 1,8 մլն դրամի սահմաններում։ Ունի 160 աշխատակից, որոնցից 157-ը ՀՀ քաղաքացի են, 3-ը՝ արտասահմանից մասնագետներ»,- ասաց գործադիր տնօրենը։
Հյուրանոցային համալիրի սեփականատեր Սերգեյ Համբարձումյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառուցելիս փորձել են ամենաբարձր նշաձողը վերցնել։
«Հաճույք եմ ստանում իմ գործից, երկար ժամանակ կանգնած շենք էր, բետոնե կմախքով, որոշեցի, որ սխալ է քաղաքի կենտրոնում շենքն այսպես թողնել։ Կարծում եմ՝ հիմնական այցելուները գործարարներ ու քաղաքական գործիչներ կլինեն»,- հավելեց սեփականատերը։
Բացման արարողության ժամանակ Սերգեյ Համբարձումյանն անդրադարձավ նաև հյուրանոցի անվան նախապատմությանը. «Երեք աղջիկ ունեմ, ամեն աղջկաս ծնունդից առաջ մտածում էինք, որ տղա է ծնվելու և անունը Ալեքսանդր եմ դնելու, սակայն տղա չունեցանք։ Երբ սկսեցի այս հյուրանոցը կառուցել, կինս առաջակեց հյուրանոցը կոչել Ալեքսանդր»։
Նշենք, որ բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։