Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակից հյուրերի համար շատ հետաքրքիր էքսկուրսիոն ծրագիր ենք գծել. Զեյթունցյան
«Վերջին տասը տարիների ընթացքում զբոսաջրջային այցելությունների թիվը գրեթե եռապատկվել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ներգնա այցելությունների թիվը 510 հազարից հասել է 1,5 միլիոնի, իսկ ներքին այցելությունների թիվը՝ 360 հազարից ավելի քան 1 միլիոնի։
Խոսելով Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցող հյուրերի թվից, Զեյթունցյանն ասաց. «Հոկտեմբեր ամսին հրավիրյալների ցանկը, որքան որ սպասում ենք, կարող է հասնել մինչև 5 հազարի, այսօր հյուրանոցային բոլոր համարներն արդեն ցուցակագրված են, բացի Երևանից՝ հաշվի ենք առել նաև Ծաղկաձորը և Աղվերանը»։
Նա նշեց, որ Զբոսաշրջության պետական կոմիտեն պետք է ապահովի նրանց ժամանցը Հայաստանում գտնվելու օրերին։
«Շատ հետաքրքիր էքսկուրսիոն ծրագիր ենք գծել»,- նշեց Զեյթունցյանը։
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը տեղեկացրեց նաև, որ ներկայիս տվյալներով ՀՀ տարածքում գործում է 541 հյուրանոցային տնտեսության օբյեկտ՝ ապահովելով 14126 համար, 28350 ննջատեղ, իսկ հյուրանոցների շուրջ 40 տոկոսը մայրաքաղաքում է։
Բացի նշված օբյեկտներից՝ Հայաստանում՝ հիմնականում գյուղական համայնքներում, գործում են ավելի քան 250 զբոսաշրջային տներ։