Մշակութային Երևան. ուր գնալ հանգստյան օրերին
Մայրաքաղաքի կինոթատրոններն ու համերգասրահներն այս հանգստյան օրերին դարձյալ սպասելու են հանդիսատեսին։ Panorama.am-ն առանձնացրել է՝ ինչ ներկայացումների ու համերգային երեկոների կարող եք ներկա լինել, ուր կարելի է գնալ այս շաբաթ-կիրակի։
Խամաճիկների պետական թատրոնում շաբաթ՝ մարտի 31-ին, կարելի է դիտել Աննա Էլբակյանի բեմադրած «Հույսի աստղ» ներկայացումը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը՝ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ։
Երևանի պետական կամերային թատրոնը մարտի 31-ին և ապրիլի 1-ին հրավիրում է՝ դիտելու «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» հոռետեսական կատակերգությունը։ Պիեսի հեղինակն ու բեմադրիչն է Արա Երնջակյանը։
Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում մարտի 31-ին կարող եք դիտել Պիեռ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը« ներկայացումը՝ Գրիգոր Խաչատրյանի բեմադրությամբ։
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում մարտի 31-ին կներկայացվի Հովհաննես Դավթյանի «Խառը կանացի» կատակերգությունը՝ նվիրված կանանց։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում մարտի 31-ին և ապրիլի 1-ին «Սանտա Կրուս» ներկայացումն է, բեմադրիչը Վիգեն Չալդրանյանն է։
Պետական կամերային երաժշտական թատրոնում մարտի 31-ին կարող եք դիտել «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» մանկական երաժշտական ներկայացումը՝ Լայման Ֆրենք Բաումի «Օզի կախարդը» հեքիաթի մոտիվներով։
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մարտի 31-ին «Իմ սիրելի փոքրիկը» մանկական ներկայացումն է։
Սպորտի սիրահարներին «Միկա» համալիրն ապրիլի 1-ին հրավիրում է՝ ներկա լինելու ArmFC-18-րդ միջազգային վարկանիշային մեծ մրցաշարին՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին: Առաջին անգամ պատմության մեջ կարող եք ականատես լինել ArmFC չեմպիոնական գոտու մենամարտի՝ հայազգի Ալբերտ Ղազարյանն ընդդեմ Ուկրաինացի Իգոր Գոնչարովի, ինչպես նաև 12 թեժ մենամարտեր մեկ երեկոյի ընթացքում։