«Դուրս ե՛կ որսի». ԱՄՆ դեսպանատունը երկու սեմինար կանցկացնի Երևանում
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստան է ժամանում կիրառական ժողովրդավարության միջազգայնորեն հայտնի փորձագետ Նենսի Բոքսկորը, ով կվարի երկու մեկօրյա աշխատաժողովներ: Առաջինը, որը տեղի կունենա ապրիլի 7-ին, նվիրված է ֆոնդհայթայթման հարցերին և նախատեսված է քաղաքացիական, կրթական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, իսկ երկրորդը, որը տեղի կունենա ապրիլի 8-ին, կարծարծի առաջնորդության հետ կապված հարցերը:
Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆոնդհայթայթման հարցերին նվիրված աշխատաժողովը, որ վերնագրված է «Դուրս ե՛կ որսի. ինչպե՞ս որսալ (և բաց չթողնել) նվիրատուներին», մասնակիցներին կսովորեցնի օգտագործել իրենց պատմությունը՝ նպատակին աջակիցներ գտնելու համար: Այն տեղի կունենա ապրիլի 7-ին ժամը 9:30-17:30-ը և նախատեսված է քաղաքացիական, կրթական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Ինտերակտիվ այս աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կծանոթանան ֆոնդհայթայթման արդյունավետ ռազմավարություն մշակելու գործիքներին, ձեռք կբերեն նոր գիտելիքներ, որոնք կամրապնդվեն գործնական դերախաղային աշխատանքների միջոցով:
Առաջնորդության հարցերին նվիրված աշխատաժողովը, որը տեղի կունենա ապրիլի 8-ին ժամը 9:30-ից 17:00 հիմնականում կանդրադառնա բրենդավորման և «Առաջնորդելու (և հաջողելու) ուժը» թեմաներին: Այն քաղաքացիական հասարակության երիտասարդ գործիչներին հնարավորություն կտա զարգացնել առաջնորդման հմտությունները և ձևավորել իրենց անձնական բրենդը, որպեսզի կարողանան առաջնորդող դեր ստանձնել իրենց համայնքն ու շրջապատը բարելավելու հարցում:
Մասնակցությունը անվճար է:
«Որպես դեսպան իմ գերակա խնդիրներից մեկը Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցելն է ու զորացնելը: Կարծում եմ, որ նման աշխատաժողովների միջոցով մենք քաղաքացիական հասարակության անդամներին և առաջնորդների հաջորդ սերնդին օգնում ենք ավելի լավ հասկանալ, թե ինչպես է պետք առաջնորդել և արդյունավետ կերպով պաշտպանել իրենց գաղափարներն ու դիրքորոշումները», -ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան