Ապրիլից հետո մեծացանք. Ռոլանդ Սահակյան
Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու տարի անց Եռաբլուրը մարդաշատ է։ Կյանքի գնով հայրենիքը պահած հերոսներին այցի են եկել հարազատներն ու մարտական ընկերները։ Վերջիններս խոստովանում են՝ ամենամեծ ցավն ընկերների կորուստն է։
Ապրիլյան պատերազմի մասնակիցներից Մանուել Մանուկյանը նշում է՝ 2016-ի ապրիլից հետո շատ բան փոխվեց։
«Փոխվեց այն, որ շատ բան հասկացանք այս ընթացքում, հասկացանք, որ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք։ Մեր ընկերները մեզ հետ չեն, մեր կողքին չեն, մենք ապրիլյան պատերազմը հերոսամարտ ենք համարում, ապրիլյան պատերազմում հաղթանակ ենք տարել, ու դա արել են զինվորները՝ իրենց հրամանատարների հետ՝ անկախ ամեն ինչից»,- ասում է նա։
«Անկախ տարիքից, անկախ վախից... Ամեն ինչ արեցինք, որ հանկարծ հող հետ չտանք»,- Մանուելի միտքը շարունակում է ապրիլյանի մեկ այլ մասնակից՝ Ռոլանդ Սահակյանը։ Ռոլանդը պատմում է՝ 18 տարեկան էր, նոր էր զորակոչվել բանակ, երբ պատերազմը սկսվեց։ Ասում է. «Կամավոր բարձրացել եմ դիրքեր, որ հանկարծ մեր տղերքին մենակ չթողնեմ»։
Ռոլանդի հայրը Արցախյան ազատամարտի մասնակիցներից է։ «90-ականներին որ հայրս կռվել է, անընդհատ հարցրել եմ՝ ինչ եք արել, ոնց եք արել, ասել է՝ Աստված չանի, որ ընկնես, նոր կիմանաս։ Ընկա կռվի մեջ ու հասկացա»,- պատմում է նա։ Ռոլանդն ասում է՝ ապրիլից հետո ամեն ինչ փոխվեց, նաև մտածելակերպը, սկսեցին ավելի խորը դատել, ավելի իմաստուն, սկսեցին ծնողներին հասկանալ։ «Ամեն ինչ ոնց որ մի ակնթարթում փոխվեց՝ թե մեր կյանքը, թե մեր ծնողների կյանքը։ Ապրիլից հետո մեծացանք»,- նշում է նա։
Մանուելի գնահատմամբ՝ ապրիլյան պատերազմը սթափեցման հրահանգ էր։ Նա ասում է՝ փորձում են զոհված ընկերների սխրանքը վառ պահել։ Ապրիլյան պատերազմի մասնակից է նաև Մանուելի եղբայրը՝ Սամվելը, ով նշում է, որ եթե, Աստված մի արասցե, նորից անհրաժեշտ լինի, պատրաստ են նորից կանգնել՝ սահմանը պահելու համար։ Իր զգացողությունների, հույզերի մասին նա չի խոսում, միայն ասում է. «Բառերով նկարագրել հնարավոր չէ, որքան էլ փորձենք բացատրել, պիտի ապրես այդ պահը»։
Եղբոր փոխարեն Մանուելն է պատմում. «Ես դիրքի ավագ էի, ու զգացի, որ ողջ պատասխանատվությունն ինձ վրա էր, մենք պարտավոր էինք կողմնորոշվել տվյալ վայրկյաններին»։ Հիմա՝ երկու տարի անց, եղբայրներն ու զինակից ընկերներն ավելի շատ են հիշում 2016-ի ապրիլը։ «Ոչ մի կերպ դուրս չի գալիս մեր մտքից, ինչքան ժամանակն անցնում է, այնքան ավելի մանրամասն ենք սկսում հիշել այդ ամենը»,- ասում է նա։
Ապրիլյան պատերազմի առաջին վիրավորներից Հայկ Թորոսյանը պատմում է՝ երբ պատերազմը սկսվեց, 18 տարեկանում էր, ասում է՝ վիրավորում ստացավ, տեղափոխվեց Հայաստան։ Հարցին՝ մարտի դաշտում է դժվար, թե երբ ընկերներիդ կողքին չես և հետևում ես՝ ինչ է կատարվում, պատասխանում է. «Մարտի դաշտում ուրիշ մտքերով ես, հետո մտածում ես ուրիշների մասին»։
Հայկը լավատես է, փորձում է գտնել լուսավորն ու բարին, ասում է՝ ապրիլից հետո աշխարհայացք փոխվեց, այն տվեց հաճելի ու մեծ ծանոթություններ՝ ընկերներ, ում հետ իրենց կապեց ապրիլը։ «Լիքը վատ բան էլ տվեց, բայց լավ բաները փակում են վատը»,- ասում է նա։
Տիգրան Ղազարյանը հույզերն արտահայտելիս սակավախոս է, բայց ասում է՝ պատերազմի դաշտում ձեռք բերված ընկերությունն ամուր է. «Շատ լավ ընկերներ ձեռք բերեցի այս ընթացքում, կյանքի կռիվ էինք տալիս, կյանքի-մահվան պայքար»։
Հարցին՝ 2016-ի ապրիլն իրեն շա՞տ փոխեց, ասում է. «Դե, չէիր կարող նույնը մնալ, ավելի շատ բան ես հասկանում, կյանքին այլ կերպ ես նայում»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պայքարը ոչ սկսում, ոչ ավարտվում է Ղարաբաղով. Վիգեն Սարգսյան
- Ոչ մի մայր հերոս որդի չէր ուզում. Արմենակ Ուրֆանյանի մայր
- Պատերազմը մեզ նաև առաջ շարժվելու մոտիվացիա տվեց. Հայկ Թորոսյան
- Անահիտ Հարությունյան. Այսօր էլ սպասում եմ Գրիգորին
- Հովհաննես Պողոսյան. Չեմ կարողանում մոռանալ այդ օրերը
- 2016, ապրիլի 2. Անցել է երկու տարի
- Ապրիլյան պատերազմի վիրավոր Ռոլանդ Սահակյանի բուժման և վերականգնման համար պետությունը նոր միջոցներ է հատկացրել
- Քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Ռոլանդ Սահակյանին նորից վիրահատել են
- Քառօրյա պատերազմի ժամանակ ողնաշարի վիրավորում ստացած Ռոլանդը նորից հիվանդասենյակ է տեղափոխվել
- Արցախում վիրավորված Ռոլանդ Սահակյանն այսօր տեղափոխվել է հիվանդասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին