Մեր պայքարը ոչ սկսում, ոչ ավարտվում է Ղարաբաղով. Վիգեն Սարգսյան
Բանակաշինությունը պետականաշինության պես անընդհատ գործընթաց է, ցանկացած պահի, երբ մարդիկ կարծում են, որ կատարել են ամեն ինչ այդ փուլի համար, պետք է ճանապարհ հարթեն՝ նոր մտքերով, նոր գաղափարներով այդ գործընթացը շարունակելու։ Ապրիլի 2-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Մեր բանակաշինությունը տասնամյակների ընթացքում պետական կառույցի՝ զրոյից ձևավորման և հաղթական բանակի ձևավորման բացառիկ պատմություն է։ Ապրիլյան դեպքերը որքան էլ ցավալի, ողբերգական հետևանքներ ունեցան մեր հայրենակիցների կորստի առումով, երկիրը պաշտպանելու այլ ձև մինչ օրս որևէ բանակ՝ աշխարհի ամենաուժող բանակն անգամ դեռ ի հայտ չի բերել»,- ասաց նա։
Նախարարն ընդգծեց՝ զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, կյանքի գնով անգամ երկիրդ պաշտպանելու գաղափարի հետ։ Նրա խոսքով՝ ցանկացած ռազմական գերեզմանատանը ցավի, անդառնալի կորստի զգացում է ամեն այցի ժամանակ, սակայն միևնույն պահին՝ մեծ հպարտություն է՝ այն մարդկանց անցած ուղու համար, ովքեր երկիրը շեն են պահում, սահմաններն՝ անառիկ, և բոլորիս պարտքն է՝ դրան համարժեք ձևավորել պայմաններ, միջավայր, որ այդ պաշտպանությունն ավելի արդյունավետ լինի։
«Ամենակարևոր բանը, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել, և նույնիսկ դա չեմ կապում ապրիլյանի հետ, մենք, կարծում եմ, որպես հասարակություն գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր-կտոր, հասարակության մի մասի ուսերին դրված կամ կտրված պետության կենսակերպից առհասարակ»,- ասաց նա։
Ըստ նախարարի՝ երկրի պաշտպանությունը կենսակերպ է ողջ հասարակության, ողջ երկրի, ողջ պետական համակարգի, դա առանցքն է հետագա քայլերի, բոլոր այն ծրագրերի, նպատակների, որոնք պետք է կյանքի կոչվեն, որպեսզի որպես ազգ-բանակ պատրաստ լինենք պաշտպանելու մեր պետությունը, քաղաքակրթությունը, նաև այն հսկայական ժառանգությունը, որ մենք, որպես ժողովուրդ, ունենք։
«Մեր պայքարը ոչ սկսում, ոչ ավարտվում է Ղարաբաղով, մենք չենք կարող մեր ուժերը հաշվարկել կոնկրետ երկարության գիծ պահելու խնդրով միայն, մենք պետք է որպես հասարակություն պատրաստ լինենք՝ առաջ շարժվելու, զարգանալու, արագ զարգանալու, միևնույն ժամանակ բավականաչափ անելու՝ այդ զարգացումը պաշտպանելու համար։ Ես չեմ կարծում՝ որևէ Պաշտպանության նախարար երբևէ պետք է իրավունք ունենա նայել ձեր միջոցով մեր հասարակության աչքերին և ասել՝ մենք ամեն ինչ արել ենք, ամեն ինչ փայլուն է, ով այդպիսի բան ասի, նշանակում է՝ կամ խնդիրը լիարժեք չի պատկերացնում, կամ անելիք չունի ուղղակի»,- ասաց նա։
Սարգսյանն ասաց՝ իրենք հետևողական աշխատել են և աշխատելու են՝ մեր բանակի մարտունակությունը բարձրացնելու, մեր բանակի համբավը այն մակարդակում պահելու, որով դուրս ենք եկել Ղարաբաղյան պատերազմից՝ զինադադարը կնքելիս։ Նրա խոսքով՝ պետք է մշտապես ի վիճակի լինել լուծելու ոչ միայն այդ, այլև շատ այլ խնդիրներ, որ կարող են ի հայտ գալ 21-րդ դարի շատ բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը՝ Արմենակ Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում չտալու մասին
- 2016, ապրիլի 2. Անցել է երկու տարի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին