Պատերազմը մեզ նաև առաջ շարժվելու մոտիվացիա տվեց. Հայկ Թորոսյան
2016 թվականի ապրիլի 2-ին Հայկ Թորոսյանի կյանքը լիովին փոխվեց: Հրետանավոր Հայկը ապրիլյան պատերազմի առաջին վիրավորներից էր: Ափսոսում է, որ չի հասցրել շատ բան անել և ընկերներին օգնել: Պատերազմի առաջին իսկ րոպեներին հակառակորդի կողմից արձակված ականանետի արկի պայթյունից գլխուղեղային ծանր վնասվածք է ստացել՝ չկարողանալով մասնակցել պատերազմի ողջ ընթացքին:
Հայկն ընդամենը երեք ամսվա ծառայող էր, որ սկսվեցին ապրիլյան ռազմական գործողությունները: Ծառայում էր Մարտակերտում, ապրիլի 2-ին բարձրացել էին դիրքեր: Երբ թնդանոթը դիրքավորել էր, որ կրակեր, այդ ժամանակ կողքին արկ է պայթում: Ստանում է գանգուղեղային թափանցող բեկորային կոտրվածք, որից էլ առաջացել է ձախակողմյան կաթված՝ կիսագնդի վնասվածքի պատճառով։
Նրան տեղափոխում են Երևան, չորս օր կոմայի մեջ մնալուց հետո Հայկն արթնանում է: Հետո է իմանում, որ բժիշկները գիշեր-ցերեկ պայքարել են իր կյանքի համար, իսկ ծնողներն այդ օրերին հոսպիտալից տուն չեն գնացել, նրանց կողքին են եղել նաև անծանոթ մարդիկ, որոնք աղոթել են իր և վիրավոր զինվորների առողջության համար:
Մուրացանի հիվանդանոցում Հայկի հայրը քահանային խնդրում է աղոթք կարդալ որդու համար, դրանից հետո կոմայից նա դուրս է գալիս:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկը պատմում է, որ կոմայից դուրս գալուց հետո չի գիտակցել, թե ինչ է եղել, ընտանիքի անդամներին տեսնելուց հետո է միայն հասկացել, թե իրականում ինչ է կատարվել, ինչի է գիտակցությունը կորցրել:
Դրանից հետո սկսվում են վերականգնողական բուժումները: Երկարատև բուժումներից հետո Հայկը հաստակ որոշում է կայացնում՝ չի հուսահատվելու և միայն առաջ է շարժվելու: «Իմ կյանքում շատ բան փոխվեց, ավելի հասուն դարձա, սկսեցի կյանքին այլ հայացքով նայել, սկսում ես ունեցածդ գնահատել, արժևորել: Պատերազմը մեզ նաև առաջ շարժվելու մոտիվացիա տվեց»,- ասում է նա:
Հայկը սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնում հեռակա ուսուցմամբ:
«Եթե ապրիլյան պատերազմը չլիներ, հնարավոր է, որ այլ մասնագիտություն ընտրեի, բայց կարծում եմ, որ սա այն մասնագիտությունն է, որն ինձ հնարավորություն կտա օգնել նաև այլ մարդկանց»,- նշում է նա:
Հայկն ապագայի պլաններից շատ չի խոսում, միայն ասում է, որ նպատակներ ունի ու կփորձի դրանք իրականություն դարձնել. «Կարծում եմ, որ ցանկացած անելանելի վիճակից ելք կա: Մտածում եմ վերականգնողական բուժումս շարունակել, աշխատել ու ամենակարևորը՝ ընտանիք կազմել: Եթե ապրում ենք, ուրեմն պետք է ամեն մեկս մեր չափով պիտանի լինենք երկրին»:
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտի արծիվներն իրենց հետ տարան իմ արցունքները. Կարեն Թորոսյանի հիշողությունները
- Հերոսները մեր կողքին. կյանքը ինչպես որ կա՝ Տելման, Արգիշտի, Հրայր
- Ինձ համար ապրիլյան պատերազմն արցունքոտ հաղթանակ էր. Ժորա Աֆրիկյան
- Հերոսները մեր կողքին. Մոնթեի «դուխը» բոլորիս էր փոխանցվել
- Հերոսները մեր կողքին. Ուղղաթիռ խոցած Նարեկը 21 տարեկան է
- «Վստահ եմ ուժերիս վրա». Ապրիլյան քառoրյայում վիրավորված Արման Ավետիսյան
- Միայն թող խաղաղություն լինի. զինվորները հիշում են ապրիլյան պատերազմը
- Ոտքը պատերազմում թողած զինվորի ծրագրերն ու մտահոգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին