Վիգեն Սարգսյանը՝ Արմենակ Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում չտալու մասին
Պաշտպանության նախարարությունը զոհվածների ընտանիքների և զինհաշմանդամություն ստացած անձանց կողքին է մշտապես։ Ապրիլի 2-ին Եռաբլուրի բարձունքում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր։
Լրագրողները նախարարին փոխանցեցին ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մոր դժգոհությունը, որ որդուն Ազգային հերոսի կոչում չի տրվել։ Նախարարն արձագանքեց. «Արմենակ Ուրֆանյանի մայրը հայ մոր փայլուն օրինակ է, մոր, որը սպա է ծնել, դաստիարակել, մոր, որն այդ սպայից և ցանկացած սպայից ոչ պակաս հասկանում է՝ հայրենիքի պաշտպանությունն ինչ է նշանակում։ Ես հանդիպել եմ Արմենակ Ուրֆանյանի մոր հետ, մեծ հարգանք և մեծ ակնածանք ունեմ իր անձի նկատմամբ։ Իր այդ դժգոհությունը նա հայտնել է նախկինում ևս, դեռևս նույնիսկ մինչև իմ՝ պաշտպանության նախարար դառնալը։ Ես բացատրել եմ, պատմել եմ իրեն, որ այդ գործընթացը մեկ անձի կամ փոփոխված նախարարի մակարդակում լուծվելու խնդիր չէ»։
Սարգսյանը պարզաբանեց՝ յուրաքանչյուր նման դեպք մանրամասն ուսումնասիրվում է, և համադրելով բազմաթիվ հանգամանքներ՝ հատուկ հանձնաժողովները ներկայացնում են միջնորդություն Պաշտպանության նախարարին, նախարարը՝ հանրապետության նախագահին, և կայացվում են որոշումները, որոնք կայացվել են։
Նախարարը նշեց՝ պետական պարգևները և կոչումները շատ կարևոր միջոց են՝ երախտագիտություն հայտնելու, բայց կարծում է՝ մենք, որպես հասարակություն և պետություն, հասունացել ենք այնքան, որ չսահմանափակվենք դրանով։ Սարգսյանի խոսքով՝ նախարարությունն ունի բազմաթիվ ծրագրեր, և դրանցից մեկը «Դուք մենակ չեք» ծրագիրն է, որով զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին կցվում է մեկ կուրսանտ, առաջին կուրսեցի, և ամբողջ ուսման ընթացքում նա տարին մի քանի անգամ այցելում է տվյալ ընտանիք։
«Դա լուծում է միաժամանակ երկու-երեք խնդիր, առաջինը՝ այդ ընտանիքին տալիս է հնարավորություն՝ պահել կապը բանակի հետ, բանակին տալիս է հնարավորություն՝ ներկա լինելու ընտանիքում՝ հարազատի կարգավիճակում, հասկանալ յուրաքանչյուր ընտանիքի դժվարությունները, բարդությունները, փորձել լուծել դրանք, օգնել, և երրորդը՝ դաստիարակում է ապագա սպայի մեջ յուրաքանչյուր զինվորի կյանքի նկատմամբ ուշադիր լինելու, զգոն լինելու այդ առանցքը, որովհետև նրանք իրենց աչքով տեսնում են որդեկորույս ընտանիքի ցավը, վիշտը, կարծում եմ՝ դա ապագա սպայի դաստիարակության շատ կարևոր գործոն է»,- ասաց նա։
Նախարարը նշեց՝ նման ծրագրեր շատ կան, սակայն չի ցանկանում այսօր՝ այս պահին խոսել ֆինանսական օգնությունից կամ կատարած աշխատանքների մասին, սակայն վստահեցրեց՝ չկա նման ընտանիք՝ զոհվածի կամ զինհաշմանդամություն ունեցողի, որի դեպքը ՊՆ-ին մանրակրկիտ ծանոթ չէ։ Սարգսյանի խոսքով՝ եթե հնարավոր է նաև սահմանված կարգերից դուրս՝ լրացուցիչ որևէ բան անել, անհնար է, որ երես թեքեն և չփորձեն դա անել՝ ամենատարբեր ձևերով։
«Դա մեր բոլորի պարտքն է, և մեր՝ որպես պաշտպանության նախարարության պարտքն է համախմբել հանրային ուշադրությունը այդ հարցերի շուրջ, և փորձել գտնել նաև անհատականացված լուծումներ»,- նշեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- «Խրամատում որդուս հայացքն ու ժպիտն էի որոնում». Կապիտան Ուրֆանյանի հուշ-երեկո
- Առաջարկ. Երևանյան երկու փողոց կոչել Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի անուններով
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան
- Կապիտան Ուրֆանյանը հետ է ուղարկել անձնակազմին ու միայնակ շարունակել մարտը
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան