Անահիտ Հարությունյան. Այսօր էլ սպասում եմ Գրիգորին
«Ես հիմա էլ սպասում եմ Գրիգորի վերադարձին: Գիտեմ ինքը ծառայում է Ղարաբաղում՝ ուղղակի արդեն որպես սպա»,-ասում է Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտը:
Նա հիշում է, երկու տարի առաջ գիշերը ժամը 3-ի սահմաններում քնած ժամանակ Գրիգորի ձայնը լսեց՝ օգնություն էր կանչում:
«Վեր թռա, եղբորն ասեցի, ասեց՝ մամա երազ ես տեսել: Հետո անցավ էլի մի քիչ: Ժամը 5-ի սահմաններում գնդակների ձայն լսեցի, սիրտս երեք անգամ ցավաց, էլի արթնացա: Տեսա փոքր եղբայրը համակարգչի առաջ նստած էր: Ասեց՝ մամա ի՞նչ է եղել, ասեցի գնդակների ձայն եմ լսում: Ասեց՝ մի անհանգստացի, հենա Գրիգորը նոր նկար է գցել: Հետո առավոտյան ինձ զանգեցին, ասացին՝ կռիվ է,»,-հիշում է Գրիգորի մայրը:
Արցախ մեկնող Անահիտին ճանապարհի կեսից են տուն վերադարձրել, հետո՝ պատի ժամացույցը կանգնեց:
«Ես հասկանում էի, որ մի բան էն չի»,-ասաց նա:
Երկու տարվա ընթացքում Հարությունյանի ընտանիքի կողքին եղել են պետական մարմիններն ու անհատները:
Հիմա Գրիգորի կրտսեր եղբայրն է բանակում՝ հերոսական նույն ոգով:
Հիշեցնենք, որ Գրիգորը զոհվել է ապրիլի 2-ին հայրենի սահմանները պաշտպանելիս։ Նա ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից էր, որոնց մարմինները շաբաթներ անց վերադարձրին հայկական կողմին։ Ետմահու Գրիգոր Հարությունյանը պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով:
Գրիգորը Երևանից էր, բանակ էր զորակոչվել 2015թ-ի ամռանը: Նա մեծացել էր առանց հայրական խնամքի, հորը կորցրել էր վաղ տարիքում: Մայրը միայնակ մեծացրել է իր չորս զավակներին։
Գրիգորի տատիկը՝ Շողիկ Ստեփանյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ թոռնիկը խելացի, պարկեշտ, բարի տղա էր, ամեն ինչին համակերպվում էր, սովորող է եղել, բայց բազմանդամ ընտանիքի հոգսը թեթևացնելու պատճառով ստիպված է եղել դասերից հաճախ բացակայել, մորը օգնել. «Կուզեի, որ սա երազ լիներ, աչքերս բացեի ու Գրիգորիս տեսնեի, որն իր բարի, գեղեցիկ ժպիտով նորից կասեր՝ տատիկ, լա՞վ ես»:
Գրիգոր Հարութունյանը զոհվել է մարտական դիրքը պաշտպանելիս: Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:
Ծանր մարտում զոհվել են նրա մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ. փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Պողոսյան. Չեմ կարողանում մոռանալ այդ օրերը
- Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան