Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել. «Ալաշկերտ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի «Ալաշկերտ» -«Գանձասար-Կապան» (0:1) խաղից հետո տեղի ունեցած ժողովի ընթացքում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի կողմից: Այս մասին հայտնում են «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից։
Ակումբի տարածած հայտարարությունում մասնավորապես նշված է.
««Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Աբրահամ Խաշմանյանին, ում գլխավորությամբ մեր ակումբը մեծ հաջողություններ արձանագրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական մրցասպարեզում` երկու տարի անընդմեջ հաղթելով Հայաստանի առաջնությունում, դառնալով Հայաստանի Սուպերգավաթակիր և երեք տարի անընդմեջ հաղթահարելով եվրոպական ակումբային մրցաշարերի որակավորման առաջին փուլը: Ակումբի ղեկավարությունը հաջողություն է մաղթում Աբրահամ Խաշմանյանին հետագա կարիերայում»։
Ըստ աղբյուրի՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել անվանի մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որը վաղվանից կղեկավարի թիմի մարզումները: «Ալաշկերտում» Սուքիասյանին կօգնի Կարեն Բարսեղյանը:
Վարուժան Սուքիասյանը տարբեր տարիներին գլխավորել է ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականները, Բեյրութի «Հոմենմենը», ինչպես նաև` «Արարատը», «Լոռին», «Բանանցը», «Վանը», «Կոտայքը», «Ցեմենտը», «Արաքսը», «Սպարտակը» և «Իմպուլսը»:
Սուքիասյանի գլխավորությամբ «Արարատը» դարձել է 2008 թ. ՀՀ Գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր: «Բանանցի» հետ Սուքիասյանը նվաճել է ՀՀ Գավաթը, առաջնության արծաթե և բրոնզե մեդալները, «Ցեմենտի» հետ երկու անգամ հաղթել է Գավաթի խաղարկությունում, մեկական անգամ նվաճել է առաջնության ոսկե և բրոնզե մեդալները: «Արաքսը» փորձառու մարզչի օրոք նույնպես նվաճել է չեմպիոնական տիտղոսը:
Կարեն Բարսեղյանը գլխավորել է «Ուլիսը» և Հայաստանի երիտասարդական հավաքականը, աշխատել է «Արարատում», «Ալաշկերտում», Հայաստանի ազգային հավաքականում: Բարսեղյանի նախորդ ակումբը «Գանձասար-Կապանն» էր, որի գլխավոր մարզչի պաշտոնը նա լքել է օրեր առաջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները