ՄԻՊ. Հայաստանյան դպրոցներում երեխաները բռնության են ենթարկվում թե աշակերտների, թե ուսուցիչների կողմից
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2017 թվականի ընթացքում ստացել է տարբեր բնույթի բողոքներ դպրոցներում երեխայի նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ: Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում:
Ըստ զեկույցի, բողոքները վերաբերել են դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դրսևորումներին թե՛ աշակերտների և թե՛ ուսուցիչների կողմից: 2017 թվականին բռնության մասին տեղեկություններ են ներկայացվել նաև զանգվածային լրատվության միջոցներով:
Այսպես, աշակերտների կողմից բռնության դրսևորումներից էր Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպը: Զանգվածային լրատվության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ դպրոցի աշակերտներից մեկի դասընկերները զուգարանում կպչող ժապավենով կապել են նրա ձեռքերը, մի քանի հարվածներ հասցրել, այնուհետև նրանցից մեկն էլ մկրատով կտրել է երեխայի թարթիչները:
2017 թվականի ընթացքում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած բռնության դրսևորումների կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել էր հարցի քննարկում: Պաշտպանի աշխատակազմում ստացվել են նաև բողոքներ դպրոցներում (այդ թվում՝ մասնավոր) ուսուցիչների կողմից բռնության դրսևորումների վերաբերյալ, որոնց համապատասխան ընթացք է տրվել:
«Ինչպես արդեն նշվել է, Պաշտպանի աշխատակազմ պարբերաբար այցելում են տարբեր տարիքային խմբերի երեխաներ: Նման հանդիպումների ժամանակ մի շարք երեխաներ հայտնել են, որ դպրոցներում կան ուսուցիչների կողմից աշակերտների նկատմամբ բռնության (թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական) դեպքեր: Աշխատակազմ այցելած երեխաներից շատերը չգիտեին, որ ուսուցիչներն իրավունք չունեն հարվածել աշակերտներին, եթե, օրինակ` նրանք խանգարում են դասընթացին: Հանդիպումների ընթացքում երեխաներին մանրամասն բացատրվել են իրենց իրավունքները և դրանց պաշտպանության առկա մեխանիզմները»,-նշում է ՄԻՊ-ը:
Հաշվի առնելով այս հարցերը պաշտպանն առաջարկություններ է ներկայացրել՝
1. հաստատել դպրոցներում և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում բռնության դրսևորման դեպքերի արձանագրման և հաղորդման հստակ ընթացակարգեր,
2. առաջին դասարանից սկսած` երեխաների հետ իրականացնել հատուկ դասընթացներ, խաղեր և զրույցներ` քննարկելու և կանխարգելելու իրենց կողմից միմյանց հանդեպ բռնի վերաբերմունք ցուցադրելու հնարավոր ռիսկերը,
3. հասարակագիտության դասաժամերի ընթացքում ավելացնել երեխաների իրավունքների վերաբերյալ դասաժամերը՝ շեշտը դնելով երեխաների նկատմամբ բռնության արգելքի վերաբերյալ քննարկումներին,
4. բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդման հստակ պարտականություն սահմանել ուսուցիչների և դպրոցների աշխատակազմի համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան