Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտնում են, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ գործադիր տնօրենն է լինելու կանադահայ Հարութ Շիթիլյանը։ Պաշտոնավարման շրջանը նա կսկսի հուլիսի 1-ից՝ փոխարինելով Արման Ջիլավյանին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը այս բացառիկ նախաձեռնության սկզբնավորման օրից։
««Ավրորան» ծնունդ է առել Հայաստանում, բայց այժմ վերածվել է համաշխարհային նախագծի։ Մեկնարկից ի վեր մարդասիրական այս նախաձեռնության դռները բաց են եղել բոլոր նրանց առջև, որոնք ունեն գլոբալ մտածողություն։ Հավատարիմ այդ ոգուն՝ մենք ողջունում ենք նաև Հարութ Շիթիլյանին իր նոր պաշտոնում։ Նա գալիս է միանալու գործին այնպիսի մի ժամանակահատվածում, երբ «Ավրորան» կրկին աճում է՝ իրականացնելով մի շարք կրթական և զարգացման ծրագրեր՝ մեկտեղելով այն իր հիմնական՝ մարդասիրական ուղղության հետ»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որն իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ միասին Հայաստանում և աշխարհում իրականացնում է բարեգործական, կրթական և զարգացման բազմաթիվ ծրագրեր:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը ասել է. ««Ավրորա» նախաձեռնությունը մեզնից պահանջում է կարողանալ գործել առավելագույն ազդեցությամբ, որպեսզի հնարավոր լինի արձագանքել մերօրյա հրատապ հիմնախնդիրների մի մասին։ Արմատավորված լինելով ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի պատմական փորձառության մեջ՝ «Ավրորան» մարմնավորում է բազմաթիվ տասնամյակներ առաջ մեզ օգնության ձեռք մեկնածներին հիշելու և երախտագիտություն հայտնելու գաղափարը»։
37-ամյա Հարութ Շիթիլյանը, որը եղել է Մոնրեալի քաղաքապետարանի գործադիր կոմիտեի փոխնախագահը և Քաղաքային խորհրդի նախագահը, մասնագիտությամբ ճարտարագետ է. ««Ավրորան» ինձ համար անչափ գրավիչ է՝ իր համակարգված պլանավորմամբ և ստեղծագործ բնույթով։ Կառավարման ոլորտում աշխատելիս գրեթե բոլոր քայլերում ես կիրառել եմ այդ նույն մոտեցումը։ Ես տպավորված եմ նաև այսքան կարճ ժամանակահատվածում «Ավրորայի» ունեցած նվաճումներով»,-ասել է Շիթիլյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին