Պայթյունից բոլոր տուժածների վիճակը կայուն է. Արա Բաբլոյան
Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից բոլոր տուժածների վիճակը կայուն է: Այս մասին Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
«Բարեբախտաբար, երեխաների վիճակը միջին ծանրության է, նրանք բոլորը տարբեր վնասվածքներ ունեն՝ թեթևից ծանր: Միայն մեկ երեխայի վիճակն է ծանր, ստացել է բավական մեծ վնասվածք՝ ազդրի վերին երրորդականում: Բեկորային վնասվածքներ են, բոլոր մկանները վնասվել են: Վնասվածքը մինչև ոսկոր է հասել, բարեբախտաբար՝ այն չի վնասել»,- ընդգծեց Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ, շուտով երեխայի վիրահատությունը կավարտվի։
ԱԺ նախագահը նշեց, որ որպես մանկական վիրաբույժ իր պարտքն է համարել գալ հիվանդանոց: Նրա հետ էր նաև վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը։ «Փառք Աստծո, ամեն ինչ կատարվել է, ավելացնելու ոչինչ չկա, բարեբախտաբար, երեխաների վիճակը լավ է»։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն էլ հայտնեց, որ տուժածներն, այդ թվում՝ երեխաներն ունեն բազմաթիվ վնասվածքներ։ «Հիմնականում այնպիսի վնասվածքներն են, որ պարտադիր պետք էր կար դնել, որպեսզի հյուսվածքները վերականգնվեն»։
Արա Մինասյանը տեղեկացրեց, որ 8-ամյա երեխայի մոտ ազդրի շրջանում մեծ վերք է։ «Այդ վերքը վիրահատարանում մշակվել է, շերտ-շերտ կարվել, կար նաև արյունահոսություն, որը կանգնեցվել է։ Կարծում ենք, որ ամեն ինչ բարեհաջող կլինի», - նշեց նա։
Նա բացառեց, որ այսօր հիվանդանոցից դուրսգրվողներ կլինեն։ Տուժածներն, ըստ նրա, դեռ պետք է մնան վերահսկողության տակ։
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային Պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքները` լուսանկարներով
- ԱՆ. Պայթյունի հետևանքով տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն
- Դ. Տոնոյան. Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
- Նախնական տեղեկություններով, պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը
- Հյուսիսային Պողոտայի պայթյունից տուժած երեխայի վիճակը ծանր է
- Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթունից տուժել է 9 քաղաքացի. ԱԻՆ
- Պայթուն Հյուսիսային պողոտայում, կան տուժածներ