Առաջարկ. Լսումների մասին նյութերը ԱԺ կայքում հրապարակել ԱԺ նախագահին իրազեկելուց հետո
ՀՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են խորհրդարանական լսումների անցկացումից հետո դրանց վերաբերյալ ամփոփ նյութերը ԱԺ պաշտոնական կայքում հրապարակել ԱԺ նախագահի համաձայնությունից հետո:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտնեց հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը։
Նախագծի հեղինակներն են ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Հակոբ Բեգլարյանը, Կարինե Աճեմյանը, Ալիկ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը, Ռուզաննա Մուրադյանը։
Աճեմյանի խոսքով՝ ԱԺ նախագահը պետք է տեղյակ լինի, թե ինչ բովանդակություն են կրում լսումները։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ առաջարկություններն ընդունելի են։
«Ես կառաջարկեի նաև նախատեսել, թե որքան ժամկետում է ինտերնետային կայքում տեղադրվում։ Որքան հնարավոր է շուտ պետք է դա արվի, այլ ոչ թե լսումներից մեկ ժամ կամ մեկ օր առաջ»,- ասաց պատգամավորը։
Աճեմյանն արձագանքեց, որ առաջարկն ընդունելի է։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ այստեղ լսումների իմաստը կորցնում են. «Եթե հանձնաժողովում խմբակցությունը լսումներ կազմակերպելու իրավունք ունի, ապա դիտարկում ենք նրան որպես այն պատասխանատու սուբյեկտ, որին տրվում է հանրային միջոցառում կազմակերպելու իրավունք և նրան հետո զրկում ենք հրապարակելու իրավունքից: Դրանով լսումների անցնելու իմաստը կորում է։ Եթե օրենքը նման տեսքով մնա, ապա «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու»:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց ԱԺ նախագահի «համաձայնություն» բառը փոխարինել «իրազեկել» բառով:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը համաձայնեց Արփինե Հովհաննիսյանի և Գևորգ Պետրոսյանի հարցադրումներիի հետ, նշելով, որ բոլոր ասածները շատ տրամաբանական են։
Աճեմյանը համաձայնեց փոփոխություններ կատարել և ներկայացնել նախագիծը:
Հանձնաժողովը միաձայն որոշեց նախագիծն ընդգրկել հերթական լիագումար նիստերի օրակարգ: