«Բուրգեր Քինգ»-ի պայթյունի դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ
Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Բուրգեր Քինգ ՍՊԸ-ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը , որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։ Հայտնում են քննչական կոմիտեից։
Ստեղծվել է քննչական խումբ, նշանակվել՝ փորձաքննություններ։
Նախնական վարկածի համաձայն՝ պայթել է գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը։ Պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 8 մարդ, որոնցից մեկի՝ 8-ամյա աղջիկ երեխայի վիճակը գնահատվում է ծանր։