Պաշտպան. Աշխատելու պատճառով երեխաներն առավել հաճախ դպրոցից բացակայում են Գեղարքունիքում
Համակարգային առումով շարունակվում է չլուծված մնալ կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը: Նման մտահոգություն է հայտնում ՄԻՊ-ը՝ տարեկան հաղորդման մեջ: Ըստ հաղորդման, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխայի` կրթությունից դուրս մնալու պատճառները կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով, այդ թվում՝ վատ սոցիալական պայմաններով, երեխայի հաշմանդամությամբ, երեխաների բացակայություններին իրավասու անձանց ոչ պատշաճ արձագանքով, երեխաներին աշխատանքի մեջ ներգրավելով, իսկ առանձին էթնիկ խմբերի դեպքում անգամ երեխաների վաղ ամուսնությամբ:
«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2017 թվականի զեկույցի համաձայն՝ 2016-2017 ուսումնական տարվա սկզբին Հայաստանում հանրակրթությունից դուրս է մնացել 260 երեխա:
Ի տարբերություն հիմնական կրթության, սովորողների ընդգրկվածությունը միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում և բարձրագույն կրթական հաստատություններում համեմատաբար ավելի ցածր է, իսկ աղքատների և ոչ աղքատների ընդգրկվածության տարբերությունը բավական նկատելի:
«Խնդիրը նախ և առաջ այն է, որ օրենսդրությամբ տրված չէ «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացության սահմանումը: Բացի այդ, Հայաստանում դպրոցից դուրս մնացած երեխաներին հետևելու և ուղղորդելու գործող համակարգ գոյություն չունի: Արդյունքում, բարդանում է նաև կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ հստակ և միասնական վիճակագրական տվյալների հավաքագրումը»,-նշվում է հաղորդման մեջ:
«Երեխաների կարծիքով...» համազգային հարցման համաձայն՝ վաղ տարիքում աշխատելը երեխաների կրթության խոչընդոտներից մեկն է: Այն առավել տարածված է գյուղական և հեռավոր բնակավայրերում, ինչի մասին են վկայում նաև այն հարցվածները, որոնք նշել են, որ Հայաստանի որոշ մարզերում (ինչպիսիք են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերը), մեծ է այնպիսի երեխաների թիվը, ովքեր բացակայել են դպրոցից աշխատանքում ներգրավված լինելու պատճառով:
Աշխատանքում ներգրավված լինելու պատճառով դպրոց հաճախել չկարողացող աշակերտների աﬔնաﬔծ տոկոսները գրանցվել են Գեղարքունիքի (26%), Տավուշի (19%) և Վայոց Ձորի (15%) մարզերում:
«Կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ հստակ տվյալների հավաքագրման, ինչպես նաև այդ երեխաների հայտնաբերման հարցում խոչընդոտ է նաև այն, որ հաճախ դպրոցում հաշվառված երեխաների թիվը կարող է հաճախող երեխաների թվից ավել լինել: Հիմնական պատճառն այն է, որ հանրակրթական դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, ուստի ուսուցիչները հաճախ աշակերտների բացակայություններն օբյեկտիվորեն չեն գրանցում»,-ներկայացնում է պաշտպանը:
ՄԻՊ-ն ընդգծում է, որ վերոնշյալ տվյալները և վերլուծությունը վկայում են այն մասին, որ առ այսօր Հայաստանում կրթությունից դուրս մնացած երեխաներին հետևելու և ուղղորդելու գործող համակարգ գոյություն չունի:
Պաշտպանն առաջարկում է
1. օրենսդրորեն ամրագրել «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացությունը` նախատեսելով հստակ չափանիշներ, որոնցով հնարավոր կլինի գնահատել երեխայի կարգավիճակը
2. վարել միասնական և տարանջատված վիճակագրություն կրթությունից դուրս մնացած երեխաների թվի, կրթությունից դուրս մնալու պատճառների վերաբերյալ
3. ձեռնարկել քայլեր նման դեպքերը կանխելու համար: Այսպիսի քայլեր կարող են լինել՝ - աջակցությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ բնակության վայրից հեռու գտնվող ուսումնական հաստատություններ հասնելու գործում:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Ճանապարհներն անբարեկարգ են, տրանսպորտը՝ գերբեռնված
- ՄԻՊ. Հայաստանյան դպրոցներում երեխաները բռնության են ենթարկվում թե աշակերտների, թե ուսուցիչների կողմից
- ԱԺ է ուղարկվել ՄԻՊ 2017-ի տարեկան հաղորդումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները