«Մասրիկ-1» կայանի կառուցման ծրագիրը կոտրեց բոլոր տեսակի կարծրատիպերը. Հայկ Հարությունյան
«Այս ծրագիրը կոտրեց բոլոր տեսակի կարծրատիպերը, որ կային արևային տեխնոլոգիաների մասին, թե դրանք թանկ են, դեռ ժամանակ է պետք դրանք ներդնելու համար»,- այս մասին նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ անդրադառնալով Մասրիկ-1 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցմանը, կազմակերպված մրցույթի արդյունքներին ու սպասվող ներդրումներին։
Նշենք, որ մրցույթի արդյունքներով, էլեկտրաէներգիայի նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ. (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է:
«Հիմա փաստացի ունենք շատ էժան սակագին, ինչը մեր միջին կշռութային սակագնից ավելի մատչելի է և կարող է արդեն դրական ազդել վերջնական սպառողական սակագնի վրա, եթե իր կշիռը մեր արտադրության համակարգում մեծանա»,- նշեց փոխնախարարը։
Հայկ Հարությունյանի խոսքով՝ մի շարք նորարարական լուծումներ են առաջարկվել ընկերության կողմից, որոնք էականորեն բարձրացնում են կայանի արդյունավետությունը։
«Առաջարկվող տեխնիկական լուծումը մեկ առանցքով արևին հետևող համակարգն է, որը թույլ է տալիս արտադրությունը այդ նույն դրվածքային հզորությամբ մոտ 20 տոկոսով ավելացնել, եթե ի սկզբանե մենք կանխատեսում էինք, որ 55 ՄՎտ-ից կունենայինք մոտ 90 մլն ԿՎտ ժամ արտադրություն, հիմա արդեն կարող ենք ակնկալել 120 մլն ԿՎտ ժամ։ Տեղադրվելու են մոտ 170 հազարից ավելի արևային վահանակներ և 3 հազարից ավելի արևին հետևող մոնոլայն համակարգ»,- ներկայացրեց նա։
Փոխնախարարի կարծիքով՝ այս մրցույթն իր էությամբ ունիկալ էր, քանի որ սա բացարձակապես մասնավոր ներդրումով կատարվող ծրագիր էր, և պետությունը մրցույթն անցկացրել էր, որպեսզի հասկանար այն սակագինը, որը մեր պայմանների համար նվազագույնն է։
«Այս սակագինը, եթե համեմատենք միջազգայնորեն այլ մրցույթների հետ վերջին տարիներին տեղի ունեցած, կտեսնենք, որ իրականում ռեկորդային է, քանի որ նման փոքր հզորությամբ մրցույթ քիչ է արվում։ Այս ծրագրին պետությունը երաշխավորում է այն, որ 20 տարի առաջարկվող սակագնով հայկական էլեկտրական ցանցերը պարտավորված են գնելու արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան, և չի տրամադրում որևէ ֆինանսական օգնություն, բացարձակապես մասնավոր ներդրումներով է դա կառուցվելու։ Միաժամանակ համայնքին տրամադրվելու է շուրջ 80 մլն դրամ ներդրողի կողմից, որպեսզի համայնքը ներդրումային ծրագրեր իրականացնի իրենց կարիքների համար, բացի սրանից համայնքի համար հավելյալ գույքահարկի և հողի հարկի միջոցով տարեկան մոտ 6 մլն դրամ մուտք է լինելու»,- մանրամասնեց փոխնախարարը։
Հայկ Հարությունյանը հավելեց, որ Մասրիկ-1 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի շինարարության ժամանակ առնվազն 50 աշխատատեղ է ստեղծվելու, իսկ կայանի մշտական շահագործման ժամանակ՝ 20։
Հարակից հրապարակումներ`
- Մասրիկ-1-ի համար ամենացածր էլեկտրաէներգիայի սակագին է առաջարկել նիդեռլանդական ու իսպանական ընկերությունների կոնսորցիումը
- «Մասրիկ-1» կայանի կառուցման մրցույթի երկրորդ փուլը
- Մասրիկում 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման մրցույթ է հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին