Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ»-ի գործունեությանը՝ նշեց, որ հարցը պետք է մինչև վերջ քննարկվի:
«Գերմանիայի դեսպանատունը հայտարարել է, որ գործելու է նախկին կարգը, հարցը պետք է մինչև վերջ քննարկվի, քանի որ Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի: Քննարկման արդյունքում կկայացվի որոշում», - ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ վիզաների ստացման հայտերի ընդունման ընկերության ընտրության մրցույթը հայկական կողմը չի հայտարարել:
Նա նաև նշեց, որ Հայաստանն ունի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք և, եթե կա վտանգ այդ անձնական տվյալների ոչ գաղտնի լինելու հետ կապված, ապա համապատասխան քայլեր կարվեն:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է ուղեփակել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը:
Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից էլ տեղեկանում ենք, որ դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը։
«ՎիզաՄետրիկ ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ Դեսպանությունը մոտ ժամանակներս կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի սեփական առցանց հերթագրման համակարգում։ Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել պայմանավորվածությունների ամրագրման հնարավորության առկայությունը հետևյալ հղումով»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ՎիզաՄետրիկ ընկերությունը շենգենյան վիզայի դիմումներ չի ընդունի
- ԱՆ-ն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը
- Արդարադատության նախարարությունը կուսումնասիրի «ՎիզաՄետրիկ»-ի հետ կապված խնդիրը
- ԱԺ հանձնաժողովը վիզաների տրամադրումը թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հարցով դիմել է կառավարությանը