Ծխախոտի արտադրությունը Հայաստանում աճում է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 63.5%-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել 5 062.4 մլն հատ սիգարետ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 3 096.4 մլն հատ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 17.1%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում. մասնավորապես, արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը, որոշ վայրերում՝ վաճառքը: