Տիգրան Բալայան. Ադրբեջանի քաղաքները պետք է հետևեն Արցախի քաղաքների հետ համագործակցողների օրինակին
«Ադրբեջանական քաղաքները պետք է հետևեն այս օրինակին: Այդպիսով նրանք ճանապարհ կհարթեն դեպի հարատև խաղաղություն: Որքան սա շուտ հասկանա Ադրբեջանի նախագահը, այնքան ավելի լավ կլինի Ադրբեջանի ու այդ երկրի ժողովրդի համար»:
Թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախի Հանրապետության Մարտունի և Ֆրանսիայի Դրոմ նահանգի Բուր-դե-Պեաժ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրմանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Մարտունի և Ֆրանսիայի Դրոմ նահանգի Բուր-դե-Պեաժ քաղաքների միջև։
Մարտունի քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, իսկ Բուր-դե-Պեաժի անունից՝ քաղաքապետ Նատալի Նիեզոնը։ Ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Հռչակագրի նպատակն է երկու քաղաքների միջև վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական կապերի հաստատումը։ Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ Մարտունի Բուր-դե-Պեաժ քաղաքները պարտավորվում են փոխգործակցություն ծավալել մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում՝ հիմնված համերաշխության, արժանապատվության և մարդու նկատմամբ հարգանքի վրա։
«Այսպիսով, սույն հռչակագիրը դարձավ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին 11-րդ հռչակագիրը»,-հիշեցնում են Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան