Միքայել Մինասյան. «Վատիկանում, կարծես, տեղադրվում է Հայաստանի մի մասնիկը». Catholic News Agency
2016 թվականի հունիսին Հայաստան այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից նվեր է ստացել Սուրբ Գրիգոր Նարեկացու փոքր արձանը, գրում է Catholic News Agency-ն:
«Սա նվեր է հայ ժողովրդից, և մենք հուսով ենք, որ մի օր Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը կտեղադրվի Վատիկանում»,- Սերժ Սարգսյանի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը:
«Ինձ դուր է գալիս և՛ արձանը, և՛ գաղափարը»,- այդ ժամանակ ասել էր Ֆրանցիսկոս պապը:
Ինչպես գրում է Catholic News Agency-ն, ՀՀ նախագահի ցանկությունը կիրագործվի այսօր՝ ապրիլի 5-ին, երբ արձանի մեծ օրինակը տեղադրվի Վատիկանի պարտեզներում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ բարձրաստիճան անձանց ներկայությամբ:
Tert.am-ի փոխանցմամբ, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը գործակալության հետ զրույցում ընդգծել է իրադարձության կարևորությունը:
«Սուրբ Գրիգոր Նարեկացին կամուրջ է: Նա կամուրջ է Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միջև: Նա կամուրջ է մեր երկու իրականությունների և, ինչը շատ կարևոր է, երկու աշխարհների միջև՝ հայկական և արևմտյան: Նա կամուրջ է Արևելքի ու Արևմուտքի, երկրի ու երկնքի միջև»,- ասել է դեսպան Միքայել Մինասյանը:
Նրա խոսքով՝ Սուրբ Գրիգոր Նարեկացին «Հայաստանի հոգևոր սահմանադրության հեղինակն է»:
«Նա մեր մշակույթի՝ միաժամանակ հայկական, միջազգային և քրիստոնյա մշակույթի խորհրդանիշն է»,- ասել է Միքայել Մինասյանը:
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը նշել է, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին «Եկեղեցու իսկական էկումենիկ վարդապետ է, քանի որ նա կաթոլիկ չի եղել և չի եղել Հռոմեական կաթոլիկ եկեղեցու անդամ»:
«Սուրբ Գրիգոր Նարեկացին արյան էկումենիզմի խորհրդանիշն է, ինչպես նաև մեր ցեղասպանության խորհրդանիշը, քանի որ Հայոց ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է անգամ Նարեկավանքը, որտեղ նա ապրել է, ինչպես նաև՝ նրա գերեզմանը»,- ասել է Միքայել Մինասյանը:
ՀՀ դեսպանը նշել է, որ արձանի տեղադրմամբ կարծես Վատիկանում տեղադրվում է Հայաստանի մի մասնիկը, որովհետև «Սուրբ Գրիգոր Նարեկացու ներկայությունը հայ ժողովրդի առօրյա կյանքում շատ մեծ է»:
«Նրա «Մատյան ողբերգությանն» այսօր էլ օգտագործվում է հիվանդներին բուժելու համար, այն կա բոլոր հիվանդանոցներում, և օգտագործվում է ոչ միայն որպես հոգևոր, այլև որպես մարմնի բժշկություն»,- ասել է նա:
Արձանի տեղադրումը նաև խորհրդանշում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև 25 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունների կարևորությունը:
«Մեր դիվանագիտական հարաբերությունները 25 տարվա պատմություն ունեն և միևնույն ժամանակ՝ 1700 տարվա պատմություն, որովհետև միայն Սուրբ Աթոռի և ՀՀ հարաբերությունները չեն, այլև՝ Հայկական և Կաթոլիկ աշխարհների հարաբերությունները»,- ասել է դեսպան Մինասյանը:
Դեսպանը հավելել է, որ «երկկողմ հարաբերությունները միայն Հայաստանին չեն վերաբերում, այլև Միջին Արևելքի բոլոր քրիստոնյաներին»:
«Մեր ժողովուրդը մեծ սփյուռք ունի, հայերն ապրում են աշխարհի տարբեր անկյուններում: Բայց մեր երկիրը նախևառաջ Միջին Արևելքում է, և հայերը քրիստոնյաների ոչնչացման կենդանի վկաներն են։ Սուրբ Աթոռը և Հայաստանն աշխատում են միասին դրան հակազդելու ուղղությամբ»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին մեկնաբանել է Նարեկացու արձանի օծման խորհուրդը
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան
- Հաջորդ շաբաթ Վատիկանում կկայանա Գրիգոր Նարեկացու արձանի բացումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին