Ախ, այդ քնքուշ ռուսական զենքը
Ռուսաստանը միայն 2017 թվականին վաճառել է ավելի քան 14 մլրդ դոլարի զենք: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը» և հղում է անում «ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության» իր աղբյուրին: Ու թեև հոդվածի ժամանակ վերջնական ամփոփիչ պաշտոնական տվյալները դեռ չկային, հավատալ, որ ռուսական ԶԼՄ-ն գրում է նման կարևոր թվեր աղբյուրի բերանով, առանց «դոբրոյի»՝ առնվազն միամտություն կլիներ: Եթե թիվը սխալ է ու դրանով ԶԼՄ-ն վարում է հակառուսական քաղաքականություն, կարծում եմ Զախարովան ու Պեսկովը վաղուց այն հերքած կլինեին, քանի որ սովոր են ուշադրություն դարձնել դետալներին:
Ընդհանրապես՝ «ռուսական ԶԼՄ-ն վարում է հակառուսական քաղաքականություն» խոսքը, միտքը ու հույսը՝ նոնսենս է:
Ինչ վերաբերում է ՌԴ ՊՆ-ին, ապա այն տարվա վերջին հայտարարել էր, որ Սիրիայի… վիրահատությունից (թույլ տվեք սխալ թարգմանել операция-ն) հետո ռուսական զենքի պահանջարկը մեծացել է: Սա խոսում է իհարկե նաև Ռուսաստանի՝ Սիրիայում զենքի ցուցադրության բիզնես-պլանի մասին, սակայն եկեք «չշեղվենք»:
Օգոստոսի վերջին Ռուսաստանի Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հաղորդեց, որ ռուսական զենքի ու տեխնիկայի միայն էքսպորտի պատվերների պորտֆելը $47-50 մլրդի կարգի է: Բավական հաստլիկ է, այնպես չէ՞:
Դեկտեմբերին Պուտինի օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարեց, որ, «չնայած արևմտյան պատժամիջոցներին», 2017 թվականին Ռուսաստանը ձեռք է բերել նոր պարտնյորներ՝ «երկրներ, որ մինչ այս երբեք չեն դիմել Ռուսաստանին զենքի համար»:
Դե՝ սա ոչ մեր մասին է, ոչ Ադրբեջանի: Անցնենք առաջ:
Զենքի արտահանմամբ Ռուսաստանը օլիմպիական մրցակցության մեջ է ԱՄՆ-ի հետ. Երկու երկրներն էլ անում են ամեն ինչ, որ կայունություն հաղորդեն աշխարհին՝ ԱՄՆ-ն առաջին տեղում է, ՌԴ-ն երկրորդ:
2016 թվականին ՌԴ-ն հաջողեցրել է ավելի քան $15 մլրդի զենք վաճառել: «Կոմերսանտը» հայտնում է, որ ոչ վաղ 2015-ին Ռուսաստանը կարողացել է իրացնել Ալժիրի, Վիետնամի, Չինաստանի, Հնդկաստանի հետ առկա համաձայնագրերը, իսկ 2018 –ին արդեն հույսեր ունի նոր պայմանագրերի:
Այս ամենը տոկոսներով մանրամասն կարող եք կարդալ SIPRI-ի Կամ՝ բավական է մի թեթև գուգլել: Երբ գուգլում եք օրինակ «որքան զենք է վաճառել Ռուսաստանը Ադրբեջանին», զարմանալիորեն դուրս են լողում ֆրազներ, թե՝ «Ադրբեջանը դժգոհ է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին»: Իսկ մենք գիտեինք, թե միայն մենք ենք դժգոհ:
Իսկ փորձեք օրինակ գուգլել «Պուտին, Թուրքիա, զենք», կիմանաք, որ ռուսական զենիթկաների՝ (ЗРК) С-400 «Տրիումֆ», մատակարարումը Թուրքիային Պուտինը համարում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների առաջնահերթությունը և քննարկում է ուղիներ այդ համագործակցությունը շարունակելու:
EADaily-ն հայտնում է, որ պայմանագիրը ի կատար կածվի 2020 թվականից: Պուտինի օգնական Վլադիմիր Կոժնինը հայտարարել է, որ թուրքական կողմը շտապեցնում էր պայմանագրի կատարումը: 2017 թվին Թուրքիան արդեն իսկ Ռուսաստանից գնել էր 4 դիվիզիոն ЗРК С-400՝ $ 2,5 մլրդի, որոնք Թուրքիան կստանա 2019- 2020-ին: Ում գլխին՝ գուշակել կարելի է:
Պարզ երևում է, որ պաշտոնական Ռուսաստանն ամենևին էլ չի ամաչում ու խորշում ներկայացնել զենքի արտահանման ծավալները, տեսակները, գումարները, երկրները…, նույնիսկ հակառակը՝ ձգտում է, որ դրանք երևան ու երևան որպես բիզնես-գովազդ: Եվ դա էլ հակառակ այն բանի, որ գնող երկրները երևի թե կուզեին փոքր-ինչ թաքուն գնել զենքը: Թեկուզ իրենց հակառակորդից: Կամ՝ սեփական երկրի քաղաքացիներից: Սակայն եթե նույնիսկ թողնենք կողմ այն, որ միջազգային կառուցները հետևում են առևտրին ու զեկույցներ գրում, ապա նկատենք, որ գուգլը զորեղ բան է: Հիմա այդ դարը չի, որ գնածդ զենքի տեսակները թաքցնես: Ու վաճառողին էլ ձեռք չի տալիս թաքուն վաճառելը՝ փողը փող է բերում, զենքի վաճառքը՝ հակազենքի վաճառք ևս:
Այսպես է աշխատում հիմա զենքի բիզնեսը՝ վաճառք, գովազդ, ցուցադրություն, ավելի շատ վաճառք:
Այնպես որ՝ երբ ռուսական մամուլը գրում է, թե ինչ զենք է պատրաստվում Ռուսաստանը վաճառել Հայաստանին, դա այս՝ բիզնես քաղաքականության մասն է: Ու չգրելով այդ մասին հայկական զլմ-ն բան չի փոխում փաստացի՝ ռուսերեն բոլորը գիտեն, գուգլել նույնպես: Եթե հայաստանյան քաղաքական գլուխները ուզում են հստակ զենքի մասին ռուսական ալմ-ի գրածը հերքել, դա պիտի անեն այդ զլմ-ում, կամ՝ ռուսական կառավարության միջոցով:
Ու ընդհանրապես՝ պիտի փոխել մտածելակերպը, թե՝ ջան-պրեսինգը որակյալ քաղաքականություն է: Որպես լուծում՝ կարելի է հանել ռուսերենն ու անգլերենը կրթական ծրագրից, ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել մաքրեմաքուր հայերենի վրա:
Վերջինը կատակ էր:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի