Պետական գերատեսչությունները ԶԼՄ-ներին ևս սկսեցին դիտարկել որպես հանրային վերահսկողներ. Պիպոյան
«Մենք այստեղ հրավիրված ենք ուղղակի լսելու, ոչ թե եղած խնդիրները ներկայացնելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով երևանում անցկացվող ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստին։
Նրա խոսքով՝ նմանատիպ քննարկումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ մյուս ԱՊՀ երկրներում տեղի են ունենում տարին երկու անգամ, սակայն ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանից այստեղ բացառապես մասնակցում է պետական սեգմենտը, հասարակական հատվածը նման քննարկումների չի մասնակցում. «Այսպիսի քննարկումներով երկրները փոխանակում են փորձը և դիտարկում են այն առաջնային մարտահրավերները, որոնք ծառացած են պետությունների առջև»։
Անդրադառնալով հետխորհրդային երկրներում սպառողների իրավունքների պաշտպանությանը Պիպոյանը ներկայացրեց Ռուսաստանի օրինակը. «Ռուսաստանը Ռոսպոտրեբնադզորով ունի մեկ պետական գերատեսչություն, որը պատասխանատու է սպառողների շահերի իրավունքների համար, և ավելին, անգամ սպառողի հիմնարար իրավունքների պաշտպանության մասին օրենքի կյանքի կոչելն է դրված այս կառույցի վրա, մինչդեռ մեր երկրում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական կառույց իրականում չկա, որևէ մեկի լիազորություններում չէ։ 90-ականների սկզբին առաջնորդող կենտրոնական ուղեղը Ռուսաստանն էր, և ռուսական մոդելի փիլիսոփայության ջատագովներն էինք, անվտանգությունն ենք բերել առաջնային պլան, որակը մղել երկրորդ պլան՝ ենթադրելով, որ շուկան պետք է կարգավորի։ Մինչդեռ Ռուսաստանը ժամանակի ընթացքում հասկացել է, որ սա մեծագույն սխալ է։ Հետո որոշեցին գնալ դեպի Եվրոպա, հետագայում նորից ԵԱՏՄ, և փաստացի նորից հետ ենք գնում դեպի ռուսական մոդելի վերահսկողական լծակներին, արդյունքում ոչ լավագույնս անվտանգություն և որակ ապահող սպառողների իրավունքների բալանսավորված համակարգ ունենք»։
Պիպոյանն ընդգծեց նաև, որ հատկապես վերջին ժամանակահատվածում պետական գերատեսչությունները ԶԼՄ-ներին ևս սկսեցին դիտարկել որպես հանրային վերահսկողներ։
«Որտեղ հանրային վերահսկողություն է իրականացվում, միշտ խնդիր հանդիպում է։ Չի եղել ոլորտ, որտեղ պետական վերահսկողությունից բացի լինի առանձին փորձագիտական ուսումնասիրություն և խնդիր չհայտնաբերվի, թե պարենային, թե ոչ պարենային ապրանքների նկատմամբ»,- հավելեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Պիպոյան. Մի կողմից չենք հետևում մակնշմանը, մյուս կողմից՝ աղմուկ բարձրացնում սիրողական տեսահոլովակից
- Սպառողի պաշտպանությունն առաջին հերթին իրազեկվածությունն է սեփական իրավունքների մասին. վարչապետ
- Մեկնարկում է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված շաբաթը
- Պիպոյան. ԱՆ-ն այնպես է իրականացնում գործառույթները, որ մարդիկ ասում են՝ կլինի ոչ մի բան չանեք
- Պիպոյան. Թթվասերի շուկայում մեկ տարի անց նույն խախտումներն են
- Պիպոյան. ՍԱՊԾ պարագայում գործ ունենք կամ հանցագործ, կամ միտումնավոր անգործության հետ
- Պիպոյան. Նմուշառված 9 հավերից 5-ն ուտելու պիտանի չեն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում