Սպորտի միջազգային օրն է
Այսօր Սպորտի միջազգային օրն է։ 2013 թվականի օգոստոսին Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ ապրիլի 6-ը հռչակվել է սպորտի՝ որպես խաղաղության խորհրդանիշի, համերաշխության և հանդուրժողականության գաղափարների կրողի միջազգային օր:
Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
«Սիրով շնորհավորում եմ մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, մարզասերներին:
Սպորտն այն բացառիկ ոլորտն է, որը ծառայում է արդարության, համախմբման, մրցակցի նկատմամբ հարգանքի և համերաշխության համընդհանուր գաղափարներին:
Սպորտը, լինելով նաև կրթության, զարգացման, առաջընթացի և խաղաղության խորհրդանիշներից մեկը, նպաստում է տարբեր ազգերի և հանրության ամենալայն շրջանակների ներկայացուցիչների միջև համագործակցության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարների տարածմանը և հաստատմանը:
Կրկին շնորհավորում եմ բոլորին, մաղթում լինել առողջ, կոփված, զբաղվել սպորտով և միանալ մեր համերաշխ մարզական ընտանիքին՝ մարզաշխարհին»,- ասված է նախարարի ուղերձում։