Գործարար. Ապրիլի վերջ-մայիսի սկիզբ բանանի գինը կիջնի
Հայաստանյան շուկայում բանանը տևական ժամանակ է՝ մի քանի հարյուր դրամով թանկացել է: Խոշոր սուպերմարկետներում մեկ կգ բանանի գինը տատանվում է 870-ից մինչև 1000 դրամի սահմաններում, փոքր խանութներում ավելի թանկ է:
Բանանի ներկրմամբ զբաղվող «Տրոպիկա» ընկերության ղեկավար Վահրամ Միրաքյանը Panorama.am-ի հետ զրույցում, նշեց, որ թանկացման պատճառը այդ մրգի հայրենիք համարվող Կենտրոնական Ամերիկայի երկրներում եղանակային վատ պայմաններն են:
«Կոստա Ռիկայում, Դոմինիկյան Հանրապետությունում ու բանան աճեցնող այլ երկրներում այս տարի ցուրտ էր: Բանանի շուկայում համաշխարհային գիգանտ համարվող ընկերությունները՝ օրինակ Dole-ն, Chiquita-ն հենց Կենտրոնական Ամերիկայի երկրներից են բանան պատվիրում: Այդ ընկերություններից յուրաքանչյուրը մեկ շաբաթում 400 կոնտեյներ է պատվիրում, յուրաքանչյուրը՝ 23-24 տոննա: Քանի որ եղանակը վատն էր, բերքը չհերիքեց, որպեսզի կատարեն ստանձնած պարտավորություններն ու կատարեն նախնական պատվերները, այդ ընկերությունները մտան այլ շուկաներ՝ օրինակ Էկվադոր, որեղից բանան է ներկրում նաև Հայաստանը»,-մանրամասնեց գործարարը:
Միրաքյանի խոսքով, պահանջարկի մեծացմանը զուգահեռ ամբողջ աշխարհում, առավելապես Էկվադորում բարձրացավ բանանի գինը:
«Ամենաորակյալ բանանը Էկվադորինն է: Դրա պահպանման ժամկետը 90 օր է, 40-50 օրը ծախսվում է ճանապարհի վրա: Շատ քիչ դեպքերում ներկրվում է Կոլումբիայից, Հնդկաստանից, սակայն դրանց որակը վատն է, պահպանման ժամկետն էլ քիչ»,-նշեց նա:
Գործարարի վստահեցմամբ, դրսի շուկայի թանկացումը համարժեք է հայաստանյան շուկայում գրանցված թանկացման չափին:
«Երբ համեմատում ենք, նույնիսկ մի բան էլ քիչ է թանկացել, ուղղակի 900 դրամի շեմն անցնելը մի քիչ վտանգավոր է գործարարի համար: Շատերն ասում են, Վրաստանում, Ռուսաստանում բանան ավելի էժան է, քան Հայաստանում: Այդպես է, քանի որ ապրանքը հասնում է Բաթումի կամ Փոթի, դրանից հետո միայն Հայաստան, վճարումներ են կատարվում նաև Վրաստանում: Իսկ Վրաստան, Ռուսաստան միանգամից է հասնում»,-ասաց նա:
Կենտրոնական Ամերիկայում եղանակը բարելավվել է, բանանի նոր բերքը առատացել է:
«15-20 օրն ազդում է բերքի վրա: Բանանի բերքն առատ է, Էկվադորում գները կարգավորվել են: Ցածր գնով ձեռք բերած բանանի խմբաքանակը ճանապարհին է, մեկ ամսից կհասնի: Իմ կանխատեսումներով, հայաստանյան շուկայում ապրիլի վերջ-մայիսի սկիզբ բանանի գինը կիջնի»,-ասաց գործարարը:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Միհրան Պողոսյանին հարկայինը ստիպում է թանկացնել բանանի գինը
- Ծծմբաթթվի միջադեպից հետո գործարարը շարունակում է բանանի ներկրումը