Անորակ ապրանքների քանակն ու տարածումն աննկարագրելի աճել է. Աննա Պոպովա
«Այս նիստը շատ կարևոր փուլ է համագործակցության երկրների սպառողների պաշտպանությամբ զբաղվող մարմինների կյանքում»,- Երևանում մեկնարկած ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ անդամ-երկրների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նախագահ Աննա Պոպովան։
Նրա խոսքով՝ այստեղ կծավալվի երկխոսություն և կփորձեն մշակել ընդհանուր լուծումներ սպառողների և նրանց իրավունքների պաշպանության նպատակով դինամիկ զարգացող ծառայությունների, տարբեր ապրանքների, թվային տնտեսության անցման ժամանակաշրջանում. «Կարևոր է, որ մարդիկ պաշտպանված զգան, իմանան՝ ինչպես պաշտպանել իրենց իրավունքները և որտեղ է պետք դիմել յուրաքանչյուր երկրում»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ մեխանիզմներ կարելի է մշակել սպառողներին անորակ խաղալիքներից և կոսմետիկայից պաշտպանելու համար։
«Անկասկած, այդ խնդիրներն այսօր առկա են բոլոր երկրներում։ Այսօրվա խնդիրները լուծելու համար 2015 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունվել են նոր սկզբունքներ սպառողների իրավունքների պաշտանության զարգացման ուղղությամբ։ Այդտեղ որպես առաջնահերթություն ներառվել են խոցելի խմբերի` երեխաների, տարեցների, սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքների և անորակ ապրանքներից պաշտպանությունը: Այսօր այդպիսի ապրանքների քանակն ու երկրներում տարածումն աննկարագրելի աճել է, մենք պետք է մշակենք կարգավորումներ»,- պատասխանեց Աննա Պոպովան։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ վտանգավոր ոլորտները նույնն են գրեթե բոլոր երկրների համար։
«Դրանք խաղալիքներն են, կոսմետիկ միջոցները, գազալցակայանները և բոլոր այն ապրանքները, որոնք կարող են մարդու կյանքին վտանգ սպառնալ։ Պետք է լուծումներ առաջարկենք, որպեսզի ապահովագրվենք տվյալ վտանգավոր ապրանքների ներմուծումից, ինչպես նաև հեռու մնանք վտանգավոր ապրանքների արտադրությունից»,- ընդգծեց Լևոն Խալիկյանը։
Նա հավելեց, որ հանդիպումներում փորձում են յուրաքանչյուր երկրի օրենսդրական դաշտը կարգավորել այնպես, որ յուրաքանչյուր սպառողի փորձեն հեռու պահել վտանգավոր ապրանքներից և անորակ ծառայությունների մատուցումից։
Նշենք, որ նիստին մասնակցում են ՌԴ, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի սպառողների շահերի պաշտպանության ոլորտի պետական և հասարարական կազմակերպությունների ղեկավարներ։
Հարակից հրապարակումներ`
- Պետական գերատեսչությունները ԶԼՄ-ներին ևս սկսեցին դիտարկել որպես հանրային վերահսկողներ. Պիպոյան
- Առանց սերտիֆիկատի խաղալիք չգնել Լևոն Խալիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում