Քիչ անց կմեկնարկի ««Երևան» հյուրանոցի բնակիչները» նախագիծը
Քիչ անց՝ ժամը 19։00 -ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում ( Երևան, Աբովյան 14) կբացվի Վիլյամ Սարոյանի 110-ամյա հոբելյանին նվիրված «Սարոյանը և Հայաստանը» ցուցահանդեսը, ինչպես նաև կազդարարվի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ու «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի ««Երևան» հյուրանոցի բնակիչները» համատեղ նախագծի մեկնարկը:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ լայն հանրության համար ցուցահանդեսը բաց կլինի ապրիլի 7-ից։
2018 թվականին Երևան հյուրանոցը դառնում է 90 տարեկան. հոբելյանի առիթով Գրականության և արվեստի թանգարանը Երվանդ Քոչարի թանգարանի և Ավետիք Իսահակյանի տուն - թանգարանի հետ համագործակցությամբ նախաձեռնում է «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում ապրիլից դեկտեմբեր ամիսներին կազմակերպել ցուցահանդեսների շարք` նվիրված հյուրանոցի մշտական բնակիչներին և նշանավոր հյուրերին:
Բացման օրվանից «Երևան» հյուրանոցը հյուրընկալել է Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի, հայտնի արվեստագետների: Հյուրանոցը նաև հայտնի է եղել մշտական բնակիչներ ունենալու ավանդույթով:
1920 -30 -ական թվականներին այստեղ ապրել և ստեղծագործել են հայ մշակույթի, գիտության նշանավոր ներկայացուցիչներ Չարենցը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Բակունցը, Մահարին,Երվանդ Քոչարը, Թերլեմեզյանը, Վիկտոր Համբարձումյանը, Ալիխանյան եղբայրները և այլք:
Այս գործիչների մասին շատ հարուստ վավերագրեր կան Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում, որոնք առաձին խորագրերով կցուցադրվեն Հյուրանոցում: