«Տաբակերկա»-ն նոր գեղարվեստական ղեկավար ունի
«Տաբակերկա» թատրոնի գեղարվեստական ղեկավար է դարձել Վլադիմիր Մաշկովը։ Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, նրան թատրոնի անձնակազմի ժողովի ժամանակ ներկայացրել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Լեոնիդ Պեչատնիկովը։
«Մենք երկար ենք մտածել այն մասին՝ ով պետք է ղեկավարի Օլեգ Պավլովիչ Տաբակովի ստեղծած թատրոնը։ Մենք որոշել ենք այդ գործը վստահել Մաշկովին և դատելով ձեր ծափերից՝ ձեզ համար այս որոշումն անսպասելի չէր, և այս նշանակումը դուք ուրախությամբ ընդունեցիք, ինչը նաև մեզ է ուրախացնում»,- ասել է նա։
Փոխքաղաքապետն ընդգծել է, որ վաղուց է շարունակվում այն վեճը, թե ով պետք է ղեկավարի թատրոնը՝ դերասա՞ն, թե՞ ռեժիսոր, սակայն ամենից կարևորն այն է, որ թատրոնում պահպանվի սկսված ավանդույթների շարունակականությունը։
«Տաբակերկայի» նոր գեղարվեստական ղեկավարն իր հերթին համոզմունք է հայտնել, որ թատրոնին «հետաքրքիր կյանք» է սպասվում։ «Ես ազատ արտիստի կյանքում տեսել եմ ինձ համար հետաքրքիր ու կարևոր շատ բաներ։ Հիմա ես այլ պատասխանատվություն ունեմ»,- ասել է նա։