S-400-ից բացի ի՞նչ ռուսական զինատեսակներ կարող են հետաքրքրել Թուրքիային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ պաշտպանական ոլորտում 2 երկրների միջև կնքված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) պայմանագրից բացի այլ պայմանագրեր ևս կարող են կնքվել:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թեմայի վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռայևսկին:
«S-400 համակարգը մեր կողմից վաճառվող միակ զենքը չէ: Անկարայի հետ S-400 համակարգերի մասով մեր համագործակցությունը հարցականի տակ է դնում ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային: ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է կործանիչների մատակարարման հնարավոր կասեցմամբ: Ի դեպ, ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիան Ռուսաստանից S-400 համակարգեր ձեռք բերող միակ երկիրը (ՆԱՏՕ-ի անդամ-խմբ.) չէ: Հունաստանը ավելի վաղ գնել է այդ համակարգերը և տեղակայել Կիպրոսում»,- նկատել է տվել է Ռայևսկին:
Ռուս մասնագետը նշել է, որ Թուրքիան միշտ ցանկանում է, որ իր գնած ռազմական տեխնիկան իր տարածքում արտադրվի:
«Սկզբունքորեն կարող ենք քննարկել այդ թեման»,- ավելացրել է Ռայևսկին:
Խոսելով այն թեմայով, թե ռուսական ինչ զենքեր կարող են հետաքրքրել Թուրքիային՝ ռուս մասնագետը դրանց շարքին է դասել հակահրթիռային պաշտպանության համակարգերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, կրակի աջակցման մեքենաները և այլն: Ըստ Ռայևսկու՝ Ռուսաստանում արտադրված այդ համակարգերը չեն զիջում իրենց «հակառակորդների» արտադրանքին: Ռայևսկին թուրքական կողմի հետաքրքրության շրջանակներից դուրս է համարել ռուսական զրահամեքենաները, քանի որ, ըստ նրա, Թուրքիան կարողանում է արտադրել սեփական զրահամեքենաները, և դրանցից բավականաչափ առկա է այդ երկրի սպառազինության մեջ:
«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատություն անել ինքն իրեն, ապա թող ավելի շատ դեմ դուրս գա S-400-ների մատակարարմանը Թուրքիային: Թուրքիան ԱՄՆ-ից ցանկացել էր «Patriot» համակարգեր գնել, սակայն մերժում էր ստացել: ԱՄՆ-ն պատրաստ էր համակարգերը վաճառելուն, բայց դրանք Թուրքիայում արտադրելուն՝ ոչ: ԱՄՆ-ի զենքի վաճառքի կարևոր սկզբունքներից մեկը վերահսկողություն իր ձեռքում պահելն է: Սակայն մեզ համար այդ հարցում որևէ խնդիր չկա, այդ պատճառով էլ մեզ հետ համագործակցության առումով հնարավորություններն ավելի մեծ են»,- եզրափակել է ռուս մասնագետը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը կարագացնի S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային
- ՆԱՏՕ. Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնումը հետևանքներ կունենա
- Ըստ եվրոպացի դիվանագետների՝ Ռուսաստանը Թուրքիային չի վաճառի S-400 ՀՕՊ համակարգեր
- Թուրքիան Ս-400 ձեռք բերելու վերաբերյալ համաձայնության է եկել ՌԴ-ի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին