ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ռուս գործարարները կորցրել են 1,25 մլրդ դոլար
Ապրիլի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել յոթ ռուս գործարարների նկատմամբ, ինչի հետևանքով նրանց ընդհանուր կարողությունը նվազել է ավելի քան 1,25 մլրդ դոլարով: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Forbes-ի տվյալները:
Վերլուծաբանների կարծիքով՝ ամենաշատ կորուստը կրել է Օլեգ Դերիպասկան, որի կարողությունը նվազել է 960 մլն դոլարով կամ ավելի քան 15%-ով:
Ըստ աղբյուրի՝ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հաղորդագրությունը հրապարակելուց հետո Դերիպասկային պատկանող ընկերությունների բաժնետոմսերի արժեքը նվազել է 10-20%-ով: Մասնավորապես, Մոսկվայի ֆոնդային բորսայում EN + Group- ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 20% -ով, UC Rusal-ի բաժնետոմսերը `12.44% -ով:
Ըստ աղբյուրի՝ ցուցակում են հայտնվել Սուլեյման Քերիմովը, որը պատժամիջոցների հետևանքով կորցրել է 265 միլիոն դոլար, Վիկտոր Վեքսելբերգն էլ կորցրել է 57 միլիոն դոլար, Վլադիմիր Բոգդանովը՝ 6 միլիոն դոլար:
Նշվում է նաև, որ երկու գործարարի՝ Կիրիլ Շամալովի և Իգոր Ռոտենբերգի կարողությունների վրա պատժամիջոցների ցանկում հայտնվելը որևէ կերպ չի անդրադարձել, իսկ գործարար Անդրեյ Սկոչի կարողությունն անգամ աճել է 0,2%-ով կամ 8 մլն դոլարով: