Մինչև տարեվերջ փաստաթղթաշրջանառությունը պետք է հասցնենք 100 տոկոսի. ՊԵԿ նախագահ
2018թ. առաջին եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեն 15 մլրդ 600 մլն դրամով առաջանցիկ ցուցանիշ է ապահովել՝ գերակատարելով բյուջեով նախատեսված կատարողականը: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այս մասին աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։
«2017թ. առաջին եռամսյակի համեմատ այս տարի արձանագրվել է 14 տոկոս հարկային և 14 տոկոս մաքսային եկամուտների աճ, որը թվային արտահայտությամբ կազմում է 28 մլրդ դրամ, ինչը կոմիտեի աշխատակիցների արդյունավետ աշխատանքի արդյունքն է: Ապահովված հարկային եկամուտների հաստատուն աճը ազդակ է հաղորդելու տնտեսությանը»,- նշել է նա։
Եկամուտների շարունակական աճի համատեքստում կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ նպատակային տրամադրվածությամբ ՊԵԿ-ը պետք է շարունակի բիզնեսի համար բարենպաստ եղանակ ստեղծելու քաղաքականությունը:
Վարդան Հարությունյանը ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է կոմիտեի հիմնական անելիքները՝ հիմքում ունենալով հանրապետության նախագահի հանձնարարականը. «Մինչև տարեվերջ փաստաթղթաշրջանառությունը պետք է հասցնենք 100 տոկոսի»:
Նախանշելով տարվա հիմնական ուղենիշերը՝ կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ խիստ հետևողական է լինելու յուրաքանչյուր ստորաբաժանմանն առաջադրված պարտավորությունների կատարման ուղղությամբ: Ստվերի կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման ուղղությամբ կոմիտեի որդեգրած հետևողական գործելաոճը պետք է շարունակական լինի, իսկ ունեցած հաջողություններով չբավարարվելը՝ գլխավոր նախապայման: Համակարգում առկա կարգավորման ենթակա խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով խորհրդակցությանը նախորդել են քննարկումներ կոմիտեի տարբեր ստորաբաժանումների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում